Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակի ղեկավար Անդրեա Վիկտորին Սյունիքում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Եվրամիությունը բոլոր մակարդակներում բարձրաձայնում է հայ ռազմագերիների հարցը: Նա նշել է, որ այժմ այդ հարցով քննարկումներ են ընթանում Եվրախորհրդարանում:
«Իմ հարգանքն ու զորակցությունն եմ հայտնում ռազմագերիների ընտանիքներին, որոնց հետ հանդիպել եմ ու հանդիպում եմ պարբերաբար: Սա այն հարցն է, որը պետք է բարձրաձայնվի բոլոր մակարդակներում»,- ընդգծել է Անդրեա Վիկտորին:
Անդրեա Վիկտորին նշել է, որ դեսպանների` Սյունիքի մարզ այցի նպատակը փաստահավաք առաքելություն իրականացնելն ու տեղում իրադարձություններին ծանոթանալն է:
Վիկտորին շեշտել է, որ ԵՄ-ն ցանկացած պարագայում հանդես է գալիս ՀՀ տարածքային ամբողջականության պահպանման օգտին, ինչպես եւ այս պարագայում՝ հավելելով, որ ԵՄ-ն օգտագործում է դիվանագիտական իր բոլոր լծակները խնդրի կարգավորման ուղղությամբ:
Դեսպանը նշել է, որ իրեն ներկայացվել է Սեւ լճի՝ 1969 թվականի քարտեզը: Փորձագետ չլինելով հանդերձ՝ իր համար, սակայն, ակնհայտ է, որ լճի մեծ մասը ՀՀ տարածքում է:
ԵՄ դեսպանը հույս է հայտնել, որ շուտով արդեն խաղաղ պայմաններում կվերադառնա Սյունիք՝ գալիք ծրագրերը քննարկելու համար։
Հիշեցնենք, որ եվրոպական երկրների 11 դեսպան եւ Եվրամիության 3 ներկայացուցիչ այցելել են Սյունիք՝ հայ-ադրբեջանական սահմանին՝ Սեւ լճի տարածքում, իրադրությանը ծանոթանալու նպատակով: