Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Գերմանիայի եւ Իսրայելի արտգործնախարարներ Հայկո Մաասը եւ Գաբի Աշկենազին այցելել են Երուսաղեմի՝ Գազայից արձակված հրթիռի պայթյունից տուժած հրեական թաղամաս:
Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը Իսրայելի Բեն Գուրիոնի միջազգային օդանավակայանում ասել է, որ Իսրայելը ինքնապաշտպանության իրավունք ունի:
«Իսրայելն ունի պաշտպանվելու իրավունք, եւ հիմա հենց դրանով է զբաղված: Դա ներառում է Իսրայելին սպառնացող թիրախներին կանխարգելիչ հարվածներ հասցնելու, վտանգը չեզոքացնելու եւ ապագա գրոհները կասեցնելու իրավունք: Այս առումով Իսրայելի գործողությունները համարում ենք ինքնապաշտպանություն»,- ասել է Մաասը:
Իսրայելի արտգործնախարար Գաբի Աշկենազին Հայկո Մաասին շնորհակալություն է հայտնել Գերմանիայի դիրքորոշման եւ Իսրայելին փորձության ժամին սատարելու համար:
Մայիսի 10-ից բռնկված իսրայելա-պաղեստինյան ռազմական առճակատման ընթացքում սպանվել են 228 պաղեստինցի եւ 12 իսրայելցի: