Եվրոպական խորհրդարանը 607 կողմ ձայնով ընդունել է ռազմագերիների հարցով բանաձեւ, որով պահանջում է բոլոր հայ գերիների անհապաղ եւ առանց պայմանների ազատ արձակումը: Փաստաթղթին դեմ է քվեարկել 27 պատգամավոր, ձեռնպահ՝ 54-ը։
Բանաձեւը ստորագրել են ԵԽ հինգ ամենամեծ քաղաքական խմբերը ներկայացնող պատգամավորներ։ Բանաձեւի քվեարկությունը տեղի է ունեցավ ԵԽ լիագումար նիստից հետո, որի ընթացքում եվրախորհրդարանականները վճռականորեն դատապարտեցին հայ ռազմագերիների նկատմամբ ադրբեջանական բարբարոսական պահվածքը եւ ԵՄ-ին կոչ արեցին ակտիվորեն մասնակցելու նրանց ազատման գործընթացին։
Բանաձեւով Եվրախորհրդարանը խոր մտահոգություն է հայտնել Ադրբեջանի իշխանությունների կողմից բազմաթիվ հայ գերիների պահման ստորացուցիչ պայմանների, նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքի եւ խոշտանգումների վերաբերյալ: Եվրախորհրդարանը կոչ է անում Ադրբեջանին խստորեն հարգելու միջազգային մարդասիրական իրավունքը, համաձայն որի՝ ռազմագերիների նկատմամբ վատ վերաբերմունքը ռազմական հանցագործություն է:
Հայ ռազմագերիների հարցից բացի, բանաձեւը քննադատում է Ադրբեջանի զինված ուժերի վերջին ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք՝ դա դիտելով որպես Հայաստանի տարածքային ամբողջականության և միջազգային իրավունքի խախտում:
Ներկայացնենք բանաձեւի մի շարք դրույթներ․
Բանաձեւում նշվում է, որ Եվրոպական խորհրդարանը, հաշվի առնելով Հայաստանի եւ Ադրբեջանի վերաբերյալ իր նախկին բանաձեւերը, ՄԱԿ-ի Կանոնակարգը, ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոնվենցիան, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան եւ Ժնեւի` 1949 թվականի օգոստոսի 12-ի Ռազմագերիների հետ վարվելակերպի վերաբերյալ կոնվենցիան (III), Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության` 2021 թվականի մարտի 19-ի` «Ադրբեջան. հայ ռազմագերիները խոշտանգվում են գերության մեջ» զեկույցը, վերջին հակամարտությունից հետո գերիների վերաբերյալ ԵՄ հայտարարությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հինգ հայտարարությունները, ՄԻԵԴ-ի՝ Եվրոպայի նախարարների կոմիտեի խորհրդին 2021 թվականի մարտի 9-ին ուղղված հաղորդագրությունը եւ ԵՄ համապատասխան օրենքները,
Ա. քանի որ 1988-1994 թվականներին տեղի ունեցած Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից ի վեր միջազգային հանրությունը փորձել է երկար տեւած ժամանակահատվածում բազմակողմանի խաղաղության հասնելու լուծում գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով,
Բ. քանի որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պատերազմ սկսվեց, որը սանձազերծվել էր Ադրբեջանի կողմից, եւ ռազմական գործողություններն ավարտվեցին 44 օր անց Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ կնքված հայտարարությունով, որը ստորագրվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին եւ ուժի մեջ մտավ 2020 թվականի նոյեմբերի 10-ին,
Գ. քանի որ հրադադարի մասին եռակողմ հայտարարության 8-րդ կետը սահմանում է, որ պետք է իրականացվի ռազմագերիների, գերիների եւ գերեվարված այլ անձանց փոխանակում, ինչպես նաեւ աճյունների փոխանակում, եւ այդ փոխանակումները պետք է իրականացվեն «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի համաձայն,
— դատապարտում է Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տեղի ունեցած վերջին պատերազմի ընթացքում իրականացված բռնությունները, կարեկցում է զոհերի ընտանիքներին, դատապարտում է հրադադարի խախտումները, ինչը հանգեցրել է մարդկանց է՛լ ավելի տառապանքին, կյանքերի կորստին եւ ավերածություններին,
— պահանջում է հակամարտության ընթացքում եւ դրանից հետո ձերբակալված բոլոր հայ գերիների՝ ռազմական եւ քաղաքացիական անձանց անհապաղ եւ անվերապահ ազատ արձակումը՝ հիշեցնելով, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը նախատեսում է ռազմագերիների, գերիների եւ պահվող այլ անձանց փոխանակում, ինչպես նաեւ աճյունների փոխանակում,
— Ադրբեջանի կառավարությանը հորդորում է տրամադրել զինված հակամարտության հետ կապված՝ իրենց մոտ գերության մեջ գտնվող բոլոր անձանց սպառիչ ցուցակները եւ տեղեկություններ նրանց գտնվելու վայրի եւ առողջության մասին,
— պահանջում է, որ Ադրբեջանի կառավարությունը հարգի իրավական երաշխիքները, թույլատրի փաստաբանների, բժիշկների, իրավապաշտպանների մուտքը հայ բանտարկյալների մոտ, հեշտացնի նրանց շփումը հարազատների հետ,
— ցավում է, որ հաղորդվել է ադրբեջանական կալանքի տակ գտնվող հայ ռազմագերիների խոշտանգումների մասին, պահանջում է, որ Ադրբեջանի իշխանությունները ձեռնպահ մնան ցանկացած բռնությունից, խոշտանգումներից հայ ռազմագերիների նկատմամբ,
— Ադրբեջանի կառավարությանը կոչ է անում համագործակցելու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ հայ բանտարկյալների հարցում եւ կատարել դատարանի միջանկյալ միջոցները, որոնք Ադրբեջանին պարտավորեցնում են տեղեկություններ տրամադրել,
— կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը հայ ռազմագերիների հարցով ամբողջությամբ համագործակցելու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ, եւ համապատասխանել Դատարանի միջանկյալ միջոցների իրականացման հետ, որն Ադրբեջանին կարգադրել էր տրամադրել մանրամասն տեղեկություններ գերեվարված անձանց իրավիճակի, նրանց առողջական վիճակի եւ վերադարձնելու համար ձեռք բերվող միջոցառումների վերաբերյալ,
— համոզմունք է հայտնում, որ գերիների ամբողջական վերադարձն ու զոհվածների մարմինների վերադարձը եւ մարդասիրական օրհասական հարցերի վերջնական լուծումը` հատկապես նրանց ընտանիքների համար, կլինեն առաջին քայլը վստահության կառուցման ուղղությամբ, որոնց անհրաժեշտությունը շատ կա այս իրավիճակում տարածաշրջանում հիմնարար կայունություն ապահովելու համար,
— կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը՝ երաշխավորելու համապատասխան միջազգային կառույցներին մուտք ունենալ ռազմագերիների մոտ, այնպիսի կազմակերպությունների, ինչպիսիք են Կարմիր խաչի միջազգային կոմիտեն եւ Խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեն (CPT),
— ընդգծում է մարդասիրական օգնությունն անհապաղ դրա կարիքը ունեցողներին հասցնելու հրատապ անհրաժեշտությունը եւ այն կարեւորությունը, որ Լեռնային Ղարաբաղում հայ բնակչությունը եւ հայկական մշակութային ժառանգությունն ապահով լինեն, եւ որ ներքին տեղահանված անձինք եւ փախստականները կարողանան վերադառնալ իրենց բնակության նախկին վայրերը,
— խստորեն պահանջում է, որ Ադրբեջանում զերծ մնան հայկական մշակության ժառանգության ավերումից, իսկ Հայաստանում` ադրբեջանական մշակութային ժառանգության ավերումից, կոչ է անում ամբողջովին վերականգնելու ավերված վայրերը, եւ որ միջազգային համայնքն այդ գործում ավելի շատ ներգրավվածություն ունենա, որպեսզի պաշտպանեն տարածաշրջանում համաշխարհային ժառանգությունը,
— հիշեցնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գլխավորությամբ միջազգային հանրության` խաղաղ, բազմակողմանի եւ կայուն լուծում գտնելու ջանքերը, որոնք հիմնված են ԵԱՀԿ 2009 թվականի Հիմնարար սկզբունքների վրա (ուժ չկիրառելու, տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման հավասար իրավունքների)` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի օբյեկտիվ սահմանմամբ, հիշեցնում է, որ դրան կարելի է հասնել միայն քաղաքական բանակցությունների արդյունքում` բոլոր կողմերի իրական նվիրվածությամբ, կոչ է անում կողմերին առաջին իսկ հնարավորության դեպքում հանձն առնելու բարձր մակարդակով քաղաքական երկխոսությունները Մինսկի խմբի համանախագահության ներքո, կոչ է անում Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարություններին, ինչպես նաեւ միջազգային միջնորդներին համակարգված կերպով ներգրավվելու կանանց խաղաղության գործընթացում եւ խորհրդակցելու մարդու իրավունքների կին պաշտպանների հետ,
— ցավում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում մասնակցող ԵՄ անդամ պետությունները ներկա չեն գտնվել, երբ միջնորդությամբ ստորագրվել է խաղաղության համաձայնագիրը, եւ որ ԵՄ-ն առաջնորդություն չի ցուցաբերել իր երկու կարեւոր Արեւելյան գործընկերներին բանակցությունների սեղանի շուրջը բերելու հարցում,
— դատապարտում է Բաքվում բացված, այսպես կոչված, «ռազմական ավարների պուրակը», որը հասարակության համար բացվել է ապրիլի 14-ին, քանի որ դա ավելի է նպաստում երկարատեւ թշնամական տրամադրություններին եւ խարխլում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկկողմանի վստահությունը, ուստի հորդորում է այն անհապաղ փակել,
— կոչ է անում Փոխնախագահին/Բարձր ներկայացուցչին եւ Եվրոպական միությանը՝ առաջարկելու ամեն հնարավոր աջակցություն հրադադարի ռեժիմի պահպանման համար, աջակցելու կայունությանը նպաստող ցանկացած գործողությունների, վստահության ամրապնդմանը, փոխադարձ վստահության կառուցմանը եւ պատերազմից հետո վերականգնողական աշխատանքներին, ինչպես նաեւ ուշադիր հետեւելու հրադադարի ռեժիմի պահպանմանը, հատկապես մոնիտորինգի մեխանիզմներին: Կոչ է անում Արտաքին գործողության եվրոպական ծառայությանը (EEAS), Հանձնաժողովին եւ անդամ պետություններին՝ մեծացնելու իրենց աջակցությունը, քաղաքացիական հասարակության եւ մարդու իրավունքների պաշտպանների հետ իրենց համագործակցությունը, մասնավորապես նրանց աշխատանքի սահմանափակումների հարցում, համարում է, որ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչն այս հարցում կարեւոր դեր ունի կատարելու,
— կոչ է անում Հանձնաժողովին եւ ԵՄ անդամ պետություններին՝ շարունակելու տրամադրել շտապ մարդասիրական օգնություն, շարունակելու այս տարածքում միջազգային կազմակերպությունների աշխատանքը եւ պահպանելու մշակութային եւ կրոնական ժառանգությունը, ինչպես նաեւ աջակցելու Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, որոնք իսկապես նպաստում են հաշտեցմանը,
— կոչ է անում Արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության Բարձր ներկայացուցչին ԵՄ անդամ պետությունների հետ մեկտեղ նաեւ 2021 թվականի աշնանը գալիք Արեւելյան համագործակցության գագաթնաժողովում բարձրացնելու Հարավային Կովկասում անվտանգության, կայունության եւ տարածաշրջանային համագործակցության հարցերը: