ՀՀ Ազգային ժողովը արտահերթ նիստում չընդունեց ԱԺ հայտարարության նախագիծը՝ սահմանազատման վերաբերյալ նոր փաստաթղթի առնչությամբ: Հայտարարությունն արձանագրում էր, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը չի կարող իր ստորագրությամբ ուժի մեջ դնել մի փաստաթուղթ, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը։
Ձայների 25 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ հայտարարությունը չընդունվեց։ «Իմ քայլը» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը։
Հայտարարության մեջ հիշեցվում էր ՀՀ Սահմանադրության այն պահանջը, ըստ որի՝ նման հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով: Իսկ հանրաքվե անցկացնելու վերաբերյալ որոշումը կառավարության առաջարկությամբ ընդունում է Ազգային ժողովը։
Նշվում էր նաեւ, որ միջազգային պայմանագրերը եւս ենթակա են վավերացման ԱԺ-ի կողմից։ Հակառակ դեպքում դրանք հակասում են Սահմանադրությանը եւ չեն կարող վավերացվել:
Հայտարարության մեջ անդրադարձ էր արվում նաեւ հայ-ադրբեջանական շփման գծի սահմանազատման եւ սահմանագծման հարցերին` այն պնդմամբ, որ դրանց առնչվող ցանկացած միջազգային փաստաթուղթ պարտադիր ենթակա է վավերացման:
ԱԺ-ն վարչապետի պաշտոնակատարին կոչ էր անում ձեռնպահ մնալու հանրության, պետության ու ազգի ապագային վերաբերող միանձնյա որոշումներից։