«Պատերազմի եւ խաղաղության արանքում. մարդկային պատմություններ» շարքը ներկայացնում է ընդհանուր առմամբ ութ պատմություն: Երկրորդ պատմության հերոսը Արտյոմ Ավետիսյանն է: Ծնվել է Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում 2000 թվականին: Զոհվել է 2020-ի Արցախյան պատերազմի ժամանակ Մատաղիսում:
Ծնողների՝ Վաղինակ եւ Անահիտ Ավետիսյանների, քրոջ՝ Մարինե Ավետիսյանի եւ հորեղբոր՝ Վաչագան Ավետիսյանի հետ զրուցել ենք Արտյոմի հայրական տանը՝ Լիճքում, 2021-ի փետրվարին:
Անահիտ Ավետիսյան, Արտյոմի մայրը. Ես, Անահիտ Ավեիտիսյանս, ծնվել եմ Լիճք գյուղում: Լիճք գյուղում եմ ամուսնացել եւ ունեցել եմ երեք երեխա, երկու աղջիկ եւ մեկ տղա, Արտյոմս, որը ծնվել է 2000-ի սեպտեմբերի 15-ին: Էդ ժամանակ, որ ծննդատնից ինձ դուրս գրեցին, բերեցին տուն, երեք ամսականից ես ընգա, իմ ոտը կոտրվեց: Արտյոմիս պահեց իրա փոքր քուր Մարինեն:
Մարինե Ավետիսյան, Արտյոմի քույրը. Երբ մենք փոքր երեխաներ էինք, Արտյոմը շատ չարաճճի էր, չէր քնում, խելոք չէր մնում: Մենք էլ փոքր էինք, ուզում էինք դրսում խաղանք: Մաման ասում էր՝ քնացրեք էլի էրեխուն, հերիք ա խաղաք: Մեկ օր էկա տունը տեսնեմ Արտյոմը լացում ա, բայց օրորոցի մեջ չկա: Ասում եմ՝ ի՞նչ էղավ Արտյոմը… Որ հելել ա, շուռ ա էկել, ընգել ա կռավաթի տակը, էլի: Հելա դրեցի իրան օրորոցի մեջ, սենց մի հատ էլ խփեցի փոքր, ասեցի՝ դե քնի, էլի, ի՞նչ ես ուզում, քնի, մենք էլ գնանք խաղանք, էլի:
Վաղինակ Ավետիսյան, Արտյոմի հայրը. Նախքան դպրոց գնալը վեց տարեկան չկար հլա: Արդեն աղյուսակ գիտեր, գումարում-հանում գիտեր, տառերը լրիվ գիտեր: Դաժե իրանից հորինում էր ինչ-որ քառյակներ: Գնաց դպրոց, լավ առաջադիմություն ունեցավ: Սովորեց էրեխեն, առաջ գնաց: Առաջին, երկրորդ, երրորդ դասարանում արդեն բոլորը սիրում էին ուսուցիչները… Ութամյայից հետո տեղափոխվում ա Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցը նույն գյուղում՝ Լիճքում: Ընդեղ, հենց առաջին օրերից ընդեղ էլ ուսուցիչները սիրեցին, համակերպվեց, առաջադիմեց, բարձր գնահատականներով:
Անահիտ Ավետիսյան, Արտյոմի մայրը. Իններորդ դասարանում տարան քիմիայից 11-րդ դասարանցիների հետ մրցման: Տենց Արտյոմս մասնակցեց «Կենգուրուի», հետո 17.am-ին, Հայ ասպետին: 17.am-ից ընտրեցին գյուղից իմ Արտյոմին: Արտյոմը սկսեց նկարահանումներ: Գյուղում տանում էին զրույցի իրանց տներ, զրուցում էին Արտյոմի հետ: Նրանից հետո Արտյոմս… էկան մի շաբաթ տարան Սեւան, Արտյոմը նկարահանումներ արեց: Հայ ասպետին մասնակցեցին, հաղթեցին, գնացին Ղարաբաղ, նրանից հետո՝ Արեւմտյան Հայաստան:
Մարինե Ավետիսյան, Արտյոմի քույրը. Էս գրիչը, որ հոպարս գյուղ էր էկել, գրիչը մոռացել էր մեր տուն: Արտյոմն ասեց՝ մամ ջան, հոպարի գրիչը չտաս, ես պետք ա էդ գրիչով ընդունվեմ համալսարան: Էս գրիչով Արտյոմն ընդունվել ա համալսարան, ու մինչեւ հիմա պահել ենք… Նախքան համալսարանը քննությունների օրն էր սկսվում: Մտածում ա՝ ընդունվելու ա, չի ընդունվելու: Էնքան էր ասում… Ասում էր՝ քուրիկ, տես ո՜նց կարամ ընդունվեմ, էլի: Գնացինք ընդեղ, ես, մեկ էլ մեծ հորեղբայրս Արտյոմի հետ: Դե ես ու հոպարս սենց համալսարանի մեջ գնում-գալիս ենք: Մտահոգվում ենք՝ հեսա Արտյոմը ի՞նչ պիտի պատասխան ստանա: Սաղ իջնում են, Արտյոմը չկա: Մեկ էլ տեսա ինքը իջավ մի տեսակ տխուր դեմքով սենց իջավ: Ասի՝ վայ հոպար, հաստատ կտրվել ա, հլա դեմքին նայի: Մեկ էլ սենց հանգիստ իջավ, էս հոպարս ասեց. «Յը, այ տղա, ի՞նչ էղավ»: Մեկ էլ ասեց. «Հոպար ջան, ես ընդունվել եմ, գիտե՞ս»:
Մենք իրան փող էինք տալիս, բայց ինքը էդ փողերը իրա գրպանն էր պահում, մի բան չէր առնում ուտում կամ մի բանի վրա չէր ծախսում: Ինչ-որ ուզում էր նվեր բերեր ինքը: Մի զույգ կոշիկ բերեց ինձ, հետո Մարինեին բերեց, հետո էլ հորը բերեց, ոնց որ հուշ թողեր մեզ…
Վաղինակ Ավետիսյան, Արտյոմի հայրը. Ճիշտն ասած ես ուզում էի իրան տարկետում վեկալեի, մի քիչ շարունակեր ուսումը: Ասեց՝ պապա, որ գնալ ա՝ խի՞ ընգնեմ հետ, ավելի լավ ա մի տարի ես ըտե սովորեմ, նորից հետ կգամ, նորից պտի շարունակեմ: Ավելի լավ ա շուտ գնամ, շուտ գամ: Եթե ես սովորեմ ու բանակ չգնամ, դու ինձ ինչ-որ ձեւի ազատես կամ միջամտես, եսիմ ինչ անես, էդ բացառված ա: Ես պտի բանակ ծառայեմ, որ գամ սովորեմ, հետո մարդ դառնամ, հետո ընդունվեմ իմ գործին:
Սեպտեմբերի վերջերն էր: Զանգեց: Ահագին ժամանակ խոսաց, երեւի մի կես ժամից ավել: Մամա, հայաթներ ցույց տուր, մամա էն կատվին ցույց տուր, մամա շանը ցույց տուր, տունը ցույց տուր: Վառոտը ցույց տուր, պատերը ցույց տուր: Ոնց որ էս էրեխուն, արդեն ես վերագրում եմ, ոնց որ տպավորությունը իրա մեջ արդեն ընդունել ա, որ պատերազմ կգնա ու չի հետ վերադառնա: Իրա կարծիքը ես արդեն ըտենց վերագրում եմ:
Իրանք արդեն տեղյակ են, որ իրանց պիտի տանեն պատերազմ, ինքը գիտի: Ասի՝ Արտյոմ ջան, ձեզ էլ են տանելո՞ւ ըտեղից: Բայց ես հույս չունեի, որ Իջեւանից պտի էրեխուն տանեն Ղարաբաղ պատերազմի: Իմ մոտ ինչ-որ բացառված էր էդ բանը:
Դե չէինք պատկերացնում, որ թուրքը էդքան լայնամասշտաբ պտի ծավալի պատերազմը: Չէ, ասեց, պապա, մի 4-5 հոգի տանեն շատ-շատ: Խի՞ ես վախենում, պատերազմ ա, բա մեր հայրենիքն ա: Դրանից հետո մի օր, էրկու օր ա անցել, թե իրեք օր, ամսի 30-ին վայթե քրոջը գրել ա, որ քուրիկ ինձ պատերազմ են… գնում ենք պատերազմ, բայց պապային ու մամային չասես:
Մարինե Ավետիսյան, Արտյոմի քույրը. Արտյոմը որ գնաց պատերազմ, ինքը ինձ նամակ գրեց, sms գրեց, ասեց՝ քուրիկ, գնում եմ պատերազմ, բայց մամային ու պապային չասես: Ասեցի՝ Արտյոմ, խնդրում եմ, զանգի գոնե մամայի, պապայի հետ խոսի: Ասեց՝ չէ, չեմ կարա խոսեմ, մենակ քեզ եմ ասում: Ու ասում եմ, որ չասես իրանց:
Վաղինակ Ավետիսյան, Արտյոմի հայրը. Մարինե ջան, ի՞նչ կա, Արտյոմը խի՞ չի զանգում, Արտյոմը մի իրեք օր ա հեռախոսները չկա, չի զանգում: Դու մի ասա Մարինեի հետ սվյազ ունի, բայց մեզ հետ՝ ոչ: Սաաբշենյա ա գրել: Հասել ենք տեղ, եթե չեմ սխալվում, Մարինեին գրել ա սաաբշենյա՝ «Մարտակերտը անցել ենք», բայց Մատաղիսի անունը տված չկար ինքը:
Երկրորդ, երրորդ, չորրորդ օրը, հինգերորդ օրը, ամսի 5-ն էր, դռանը կանգնած էինք: Մի հատ մեքենա կանգնեց, մեկ էլ դուռը բացեն՝ եղբայրս էր փոքր ու Իջեւանից կամանդիրի հայրն ու իրա բաջանաղը: Հակոբյան Կարեն էր իրա տղու անունը, կամանդիրն էր, պադպալկովնիկ, փոխգնդապետ: Բարեւ ձեզ: Բարեւ ձեզ: Ասեց՝ դու Ավետիսյան Վաղինա՞կն ես: Ասի՝ հա: Դու Արտյոմի պապա՞ն ես: Ասի՝ հա: Բա դու գիտե՞ս, որ էրեխեքը գնացել են պատերազմ, հենց հասել են տեղ, ու ԱԹՍ-ն խփել ա վիլիսին: Էրեխեքը վառվել են, փոշիացել են, չկան: Միանգամից ես չգիտեմ ինչ ձեւի եմ ապրումներ ունեցել: Ոնց որ ցնդած, բժժած ու չեմ կարացել… Ասում եմ՝ ի՞նչ ես ասում, էրեխեն չաստում ա, ի՞նչ ես ասում:
Իրանք էդ խառնաշփոթը զգացին ու նստան ու գնացին էս մարդիկ: Գնացին, ես զանգեցի էրեխուն: Մարինե ջան, սենց բան կա, էրեխեն պատերազմ ա, բա՝ այ պապա, ամսի էրկուսին էրեխեն գնացել ա պատերազմ: Բա խի՞ մեզ չես ասել: Ըտեղ մերը վատացավ, կանչի իրան էկավ, բժիշկ-մժիշկ, վերջը… Բա խի՞ մեզ չես ասել: Սաաբշենին բացեց, մեջը գրած. «Մարինե ջան, քուրիկ, խնդրում եմ, պապային ու մամային չասես, ուղղակի խնդրում եմ»:
Գնացինք վայենկոմ, ընդեղ պատասխան չտվին, երկրորդ-երրորդ օր, երրորդ օր ընդե էլ ինձ ասեցին, որ Ղարաբաղ ա գնացել: Ասում եմ՝ հրամանատար, Ղարաբաղ եք տարել, բայց որտե՞ղ, իմիննը որտե՞ղ, որ ես իմանամ իմ էրեխեն որտեղ ա, էդ ուղղությամբ ես շարժվեմ: Դե չգիտենք, Ղարաբաղ: Ընդեղ մի քիչ ջղայնացա, բան: Երրորդ օրը գնացինք, մեկը գլուխը կախած սենց նստած էր: Իջեւանից էին բերել, արդեն տեղափոխել էին Իջեւանից մի հատ ստեղ հրամանատար: Ասեց՝ գիդե՞ս ինչ կա, իմ ընգերս էլ, մանկական ընգերը, էդ գնդի հետ ա էղել, էդ տղերքի հետ, էն էլ չկա, ինֆորմացիա չունենք, սվյազ չկա, բան չկա:
Բայց մի մոմենտ ասի ես լսել եմ, ասում են ԱԹՍ-ն խփել ա, մեկի հայրը ինձ ըտենց ասեց: Հը, բա մենք էլ ենք ըտենց լսել: Ասի՝ բա դու աֆիցեր էիր, դու ինֆորմացիա պըտի ունենայիր, ո՞նց եք մեզ պատասխանում, կոնկրետ պատասխան տվեք… Վերջը՝ բա էրկու վիլիս են էղել, մեկը դեմից գնացել ա, հետ ա փախել, մյուսը… հմի չգիտենք՝ առաջինին են խփե՞, թե՞ երկրորդին: Մեկը փախել ա, մեկին խփել են: ԱԹՍ-ն: Ու տենց էս ներքին զգացողությունը ցույց է տալիս, որ տղեն չկա…
Վաչագան Ավետիսյան, Արտյոմի հորեղբայրը. Կոնկրետ ինձ նոյեմբերի 2-ին էլ ասել էին, եթե ձեր երեխան գտնվել ա էդ տարածքի վրա, եթե որեւէ մեկը հայտնվի ինչ-որ գերի, կամ ինչ-որ տեղից վիրավոր դուրս գա, դա հրաշք ա: Եթե հաստատ գիտեք, որ էդ տարածքի, Մատաղիսի տարածքի վրա ա, էդ օրվա բաները, ոչ մեկն էլ դուրս չի եկել ըտեղից:
Վաղինակ Ավետիսյան, Արտյոմի հայրը. 15-ին գնացի դե-էն-կա հանձնելու: Դե-էն-կա հանձնեցի, անցավ, անցավ, անցավ մի ամիս, մի ամիս ու կես, էրկու ամիս… նախքան էդ, ներողություն, վիլիսը ի հայտ եկավ, թուրքերի կողմից: Վիլիսը ի հայտ եկավ, լրիվ ցելի, մեջի իկոնը լրիվ էրեւում ա, դռները բաց վիճակով, լրիվ մաքուր վիճակ, դեմից խփած ա ինչ-որ սարի կամ քարի, հրազենային ոչ մի կրակոց չկա վրեն: Իրա էս սկոռոստի կողքի մի բան կա, որ վրեն հագնում ա, դա տեղից թռած ա, բայց զենքի խփած չի: Գնացինք, հետաքրքրվեցինք, իմացանք, սայթերի մեջը բացինք, որ թուրքերի ձեռքում է էդ վիլիսը: Ահագին հույս մնաց մոտներս, թե էրեխեք գերի կլնեն, գոնե կենդանի պոկենք:
Հունվարի 27-ի առավոտ զանգ էկավ անծանոթ համարից: Բա սենց-սենց, անուն-ազգանունով, բան: Դե մենք, որ տեղեկություններ իրար տալիս ենք… Ճանապարհին զանգեցի մեծ եղբորս: Ասի՝ հլա մի հատ իջի Հերացի, մորգում, ընդեղ քննիչի անունը տվեցի, ասեցի՝ էսպես բաներ կա, հիմի ինչ-որ մեր էրեխու անունները կարդացել են ցուցակում: Մինչեւ մենք հասանք մեր նպատակին, էդ մարդիկ բերեցին, բացեցին տվյալները, որ իրոք էդ անուն-ազգանունը կա: Էդ անուն-ազգանունը էղել ա նոյեմբերի 25-ի գիշերվա ժամը 1-2-ի սահմաններից, որ էդ ցուցակում էդ էրեխեն կա, ամեն տեղ մեր հեռախոսի համարները թողած ա, մեր կապերը, բայց մենք ոչ մի բան չգիտենք:
Ես էլի գաղտնիք էի պահում ախպորիցս: Ես էդ ժամանակ նորից պավտոռնի արդեն ինչ-որ մեր երեխայի նկարները որ քննիչի մոտ ես տեսա, բան արեցի, վայբերով ուղարկեցին մեզ, Լեննագանից դատական բժիշկը, դիահերձող բժիշկը, էդ ժամանակ մենք արդեն երկու եղբայրով հաստատ իմացանք, որ բան ա, ատամներից, ժանիքներից… Ես նորից էլի չէի ուզում համակերպվել, ուզում էի երկրորդ դե-էն-կան ունենայինք:
Վաղինակ Ավետիսյան, Արտյոմի հայրը. Դե-էն-կան էկավ համընկավ, գնացինք, եղբայրներս տեսել էին, մտել էին, տեսել էին, որ վերեւներն էրեխուն Լեննականից տեղափոխել էին Մեծամոր: Եղբայրներս տեսել էին, որ համընկել ա, նկարներով, բաներով իրանք էլ էին ճանաչել: Դե կանչին-տարան, ես տեսա, որ նկարներով իմ էրեխեն ա…
Մարինե Ավետիսյան, Արտյոմի քույրը. Էս մեդալը Արտյոմը որ ստացել էր, զանգեց, շատ էր ուրախացել, ասեց՝ քուրիկ, ընձի Հայոց բանակի գերազանցիկ են տվել, օրհներգը երգել են, դրոշը մի շաբաթ պիտի մնա բարձրացրած, ասեց: Ասեց՝ էնքան ուրախ եմ… Շատ-շատ պլաններ ուներ Արտյոմը: Ինքը մեկ ռեժիսուրայի բաժինը ուզում էր փոխի, որ պատմաբան դառնա…
«Հաճախ մեզ համար ամենաթանկ, ամենահարազատ մարդկանց մենք մոռանում ենք ասել ամենակարեւոր խոսքերը, մոռանում ենք, կամ էլ ուղղակի մտածում ենք, որ դրա ժամանակը, դրա կարիքը չկա, շուտ է, կամ էլ դեռ շատ ժամանակ կա, կհասցնենք: Բայց ցավոք այդ ամենամոտ մարդիկ հեռանում են մեր կյանքից այնքան արագ ու հանկարծակի, որ նույնիսկ չենք էլ հասկանում, թե ինչ կատարվեց, ինչ տեղի ունեցավ, եւ մեզ համար անտեղի ու անկարեւոր թվացող բառերն այնպես էլ չենք հասցնում ասել… Շատ է պատահում, որ գիտակցում ենք. պետք է ասել, բայց լռում ենք, ու հետո արդեն շատ ուշ է, ոչինչ չես կարող փոխել, դրա համար այս կյանքում պետք է չունենանք չասված խոսքեր, որպեսզի հետագայում ոչ մի բանի համար չզղջանք: Կյանքը կարճ է: Չկա ժամանակ թողնելու կարեւոր խոսքեր չասված»: