Իրանցի բանաստեղծ Սաադին ասում է՝ երբ բանականությունը երկրի վրայից վերանա, չի լինի գեթ մեկը, որ կկասկածի իր տգիտության վրա։ Սաադին սա ասելիս երեւակայական մի ապագայի, սարսափելի մի ապագայի մասին է մտածել հավանաբար, իսկ նրա այս խոսքից դարեր անց մեզ համար այն հնչում է որպես սարսափելի ներկայի նկարագրություն։
Բանականությունը մեր քաղաքական-հասարակական դաշտից վերացել է ինչ-որ առեղծվածային պայմաններում, թեեւ նրա սպանության մասին վկայող բազում փաստեր կարող ենք բերել։
Ամեն անգամ, երբ քաղաքական որևէ գործիչ կամ վերլուծաբան ղարաբաղյան խնդրին անդրադառնալիս խոսում էր այն մասին, որ մեր դեմ խաղ չկա, ու որ արյունով նվաճածը թղթով չի կարելի «հանձնել», սպանվում էր բանականության հերթական նշույլը, որովհետեւ նույն այդ մարդիկ բանականության դիրքերից խոսելու դեպքում պիտի ասեին, որ «հանձնելու» թղթային տարբերակը արյուն փրկելու, կյանքեր ու արժանապատվություն փրկելու համար է։
Ամեն անգամ, երբ միջազգային հարաբերությունների արդի համակարգին մեր կարկառուն հայրենասերները հակադրում էին մի Քարվաճառի հռչակագիր, մի Շուշիի հռչակագիր կամ նման սին բաներ, բանականության թեւերը ջարդվում էին այլեւս երբեք չվերականգնվելու սարսուռով։
Ամեն անգամ, երբ քաղաքական հայտ ներկայացնողները բարձրաձայնում են Կուր-Արաքսյան Հանրապետության կամ Ծովից ծով Հայաստանի մասին, բանականությունը խեղդվում է ապաքաղաքական հորդառատ ջրերում, որովհետեւ նրանցից ոչ ոք իր ստեղծած խառնաջրերում չունի նավարկելու ո՛չ նավ, ո՛չ էլ նավապետ։
Բանականության փուլային այս սպանությունը, սակայն, վայելում ենք փաթեթային հետեւանքներով ու դեռ շարունակում գլխիկորությունը համարել խաղաղության հոմանիշ, ամբոխավարությունը պատկերել ժողովրդավարության դիմագծերով ու անիշխանությունը շփոթել ազատության հետ։
Հանգուցյալն, ուրեմն, վերակենդանանալու մի հնարավորություն ունի․ չհայտարարված, բայց հետեւողականորեն իրագործված նրա սպանությունը ընդունել որպես փաստ, դատապարտել այն ու հրաժարվել բոլոր գործիք գործիչներից, որ իրականացրել են այն։
Բանականությունը պիտի գոյություն ունենա, նրա չգոյությունը միայն սաադիական ուտոպիայի մեջ թողնելու տարբերակ է պետք գտնել։
Արեւելագետ-հետազոտողի իմ մասնագիտությունը հուշում է, որ հարեւաններին պետք է ընդունել ոչ միայն իբրեւ ճակատագիր, այլեւ քաղաքական, սոցիալական ու մշակութային երեւույթ, որը պետք է ճանաչել ու հասկանալ։