ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, պատասխանելով ՀՀ ինքնիշխան տարածք Ադրբեջանի զինված ուժերի ներթափանցման վերաբերյալ ԱԳՆ դիրքորոշման վերաբերյալ հարցին, ասել է, որ ուժի կիրառմամբ կամ դրա սպառնալիքի օգտագործմամբ պայմանների առաջադրումը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է:
«Հայաստանը չի տրվելու նմանօրինակ ճնշումներին: Հայաստանը մերժում է նաեւ այսպես կոչված «վիճելի տարածքներ» կեղծ օրակարգի ներմուծումը, ինչը վտանգավոր նախադեպ կարող է հանդիսանալ ուժի կիրառման արդարացման համար նաեւ այլ տարածաշրջաններում»,- նշել է նա:
Նաղդալյանն ընդգծել է, որ, չկատարելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները, մասնավորապես՝ հայ ռազմագերիների եւ պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց հայրենադարձման եւ այլ հումանիտար հարցերի առնչությամբ, Ադրբեջանը կրկին ի ցույց է դրել միջազգային հանձնառությունների միտումնավոր դրժման իր վարքագիծը:
«Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանների սահմանագծման եւ հետագայում սահմանազատման գործընթացները պետք է մաս կազմեն հակամարտության համապարփակ խաղաղ կարգավորման գործընթացի, որի շրջանակներում առաջնային կերպով պետք է հասցեագրվեն Արցախի Հանրապետության տարածքների դեօկուպացիայի եւ Արցախի վերջնական իրավական կարգավիճակի որոշման հարցերը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո:
Այս իրավիճակում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի անհապաղ եւ անվերապահ դուրսբերումը մայիսի 11-ի դրությամբ ելման դիրքեր կարող է անհրաժեշտ պայմաններ ստեղծել ի հայտ եկող հարցերը քաղաքական-դիվանագիտական գործիքակազմի շրջանակներում դիտարկելու համար»,- շեշտել է ԱԳՆ խոսնակը:
Աննա Նաղդալյանը փաստել է, որ Հայաստանի՝ միջազգային իրավունքի դիրքերից հանդես եկող եւ Հարավային Կովկասում կայունությամբ ու անվտանգությամբ անկեղծորեն շահագրգռված միջազգային գործընկերներն արտահայտել են իրենց աներկբա դիրքորոշումն առ այն, որ Ադրբեջանն անհապաղ եւ անվերապահ պետք է հետ քաշի իր զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից: