ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը ելույթ է ունեցել այսօր մեկնարկած Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 131-րդ առցանց նստաշրջանում:
Արա Այվազյանը ԵԽ անդամ երկրների ուշադրությունը հրավիրել է 2020-ին Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում Ադրբեջանի իրականացրած մարդու իրավունքների եւ միջազգային մարդասիրական իրավունքի զանգվածային խախտումներին, հայ ռազմագերիների եւ պահվող քաղաքացիական անձանց նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքի դեպքերին, Արցախի պատմամշակութային հուշարձանների պահպանությանն ու միջազգային կառույցների՝ Արցախ անխոչընդոտ մուտքին առնչվող խնդիրների վրա:
«Այդ խախտումները պատշաճ կերպով փաստագրված են ո՛չ միայն հայկական, այլեւ միջազգային աղբյուրներում, այնպիսի կազմակերպությունների կողմից, ինչպիսիք են Amnesty International-ը, Human Rights Watch-ը եւ Freedom House-ը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միջանկյալ միջոցներ է կիրառել Ադրբեջանի նկատմամբ հարյուրավոր գերեվարված անձանց առնչությամբ, որոնց գերության փաստն այդ երկիրն ընդունել է` պահանջելով նրանց մասին տեղեկություն, ինչը, սակայն, չի ստացել: Դատարանն անգամ հրապարակային ծանուցմամբ Նախարարների կոմիտեին տեղեկացրել է, որ Ադրբեջանը չի համագործակցում: Իր խոր մտահոգությունն է հայտնել նաեւ ԵԽ Խորհրդարանական վեհաժողովը վերջին լիագումար նստաշրջանում: Հրաժարվելով դեռեւս պատանդառության մեջ գտնվող ռազմագերիներին վերադարձնելուց` Ադրբեջանը մինչ օրս շարունակում է իրագործել միջազգային մարդասիրական իրավունքի եւ մարդու իրավունքների խախտումներ»,- ասել է Արա Այվազյանը:
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը կարեւոր դեր է վերապահում Եվրոպայի խորհրդին՝ Արցախում պատերազմի կործանարար հումանիտար հետեւանքների հասցեագրման գործում՝ ներառյալ տեղահանության, մշակութային եւ կրոնական կոթողների ավերման, հարյուրավոր ռազմագերիների ու խաղաղ բնակիչների շարունակվող պատանդառության հարցերում:
«Կարծում ենք` Նախարարների կոմիտեն պետք է բազմապատկի իր ջանքերն այս ուղղությամբ, այդ թվում՝ իր լիակատար աջակցությունը ցուցաբերելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանին, ԵԽԽՎ-ին, Մարդու իրավունքների հանձնակատարին եւ այլ իրավասու մարմինների: Մինչ այժմ Ադրբեջանի կողմից իր կանոնադրական եւ կոնվենցիոն պարտավորությունների բացահայտ խախտումներին նախարարների կոմիտեի պատասխանը համարժեք չի եղել»,- ընդգծել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:
Արա Այվազյանը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների զանգվածային եւ կոպիտ խախտումներին կոշտ պատասխանի բացակայությունն Ադրբեջանին խրախուսեց նույն քաղաքականությունը վարել Հայաստանի Հանրապետության նկատմամբ՝ փորձ կատարելով գրավելու սահմանամերձ տարածքներ եւ տեղի բնակչությանը զրկելու իր ապրուստի միջոցներից:
Նա նշել է, որ Եվրոպայի խորհրդին հաջողվել է մեկ հարկի տակ համախմբել գրեթե ամբողջ Եվրոպան եւ մշակել տարբեր ոլորտներում անդամ պետությունների միջեւ համագործակցությունն ուղենշող իրավական չափանիշներ:
«Այնուամենայնիվ, որոշ անդամ պետությունների միջեւ կա խոր անդունդ: Եվ քանի դեռ դաժան ոճրագործություններ իրագործողներին թույլատրվում է հավասար հիմքերով գտնվել նրանց հետ, ովքեր շարունակում են հավատալ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների արժեքներին, այդ անդունդը միմիայն խորանալու է: Եթե մենք նոր լիցք չհաղորդենք ողջ Եվրոպայում ժողովրդավարական անվտանգությունը երաշխավորելու մեր ջանքերին, Եվրոպայում ավելի մեծ միասնության մեր կարեւորագույն նպատակը կմնա պատրանք, հատկապես նրանց համար, ովքեր ապրում են հակամարտությունների եւ առճակատումների գոտիներում»,- ասել է ԱԳ նախարարը: