Ռուս հայտնի քաղաքագետ Եվգենի Սատանովսկին անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հայ հերոսների հուշարձանների ոչնչացման ու պղծման դեպքերի թեմային՝ բողոքելով, որ այդ կապակցությամբ ոչ ոք Իլհամ Ալիեւին «տհաճ հարցեր» չի տալիս:
Եվգենի Սատանովսկին նշել է, որ Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներում Մեծ Հայրենականին առնչվող բոլոր հուշարձաններն ու հուշակոթողները ոչնչացվել կամ պղծվել են, քանի որ հերոսները, այդ թվում՝ հայտնի զորավարները, «անզգուշություն են ունեցել հայ լինելու»:
Ռուս քաղաքագետը նշել է, որ խորհրդահայ զորավարների եւ հերոսների հուշարձանները տեղադրված էին հենց իրենց հայրենիքում, այնտեղ, որտեղ նրանք ծնվել են, եւ որտեղ դարերով ապրել են իրենց նախնիները։
«Անգամ նրանց անունների թռուցիկ թվարկումը՝ նախարար Թեւոսյան, մարշալ Բաղրամյան, Բաբաջանյան եւ Խանփերյանց, ծովակալ Իսակով, հարյուրավոր այլ գեներալներ, սպաներ եւ շարքայիններ, առավել քան բավարար է Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտ Իլհամ Ալիեւին առավել քան տհաճ հարցեր տալու համար։ Միայն թե նրան ոչ ոք հարցեր չի տա։ Նա ինքը ում ասես, ինչ ասես կհարցնի»,- շեշտել է Սատանովսկին։
«Մեծ փողերի ու մեծ կապերի շնորհիվ մարդն անում է սրտի ուզածը»,- նշել է քաղաքագետը:
Սատանովսկին նշել է, որ Ադրբեջանն այժմ իր եւ շատերի ընկալմամբ սոսկ Թուրքիայի մի մաս է, որտեղ հայկական ու հունական ամեն ինչի ոչնչացումը սովորական երեւույթ է։
«Այնպես որ, անիմաստ է Ալիեւին հարցնել՝ ինչ է կատարվում պատերազմի հուշերի հետ։ Էրդողանն այսօրվա Ադրբեջանում ղեկին է նստած, անում է խելքին փչածը: Նա մտադիր է ընդլայնել իր ազդեցության ոլորտը նախկին ԽՍՀՄ-ի թյուրքական բոլոր տարածաշրջաններում, ներառյալ ոչ միայն Ղազախստանն ու Միջին Ասիան, այլեւ Ռուսաստանի կեսը»,-ընդգծել է Եվգենի Սատանովսկին։