Չինաստանի ազգային տիեզերական գործակալությունը հայտնել է, որ Zhurong մարսագնացը մայիսի 22-ին բարեհաջող իջել է հարթակից՝ վայրէջքի մոդուլից, եւ սկսել Մարսի հետազոտությունը: Մարսագնացը կարող է շարժվել ժամում 200 մետր արագությամբ եւ Մարսում կմնա 90 մարսյան օր (մեկ մարսյան օրը 24 ժամ 39 րոպե 35,2 վրկ է, Երկիր մոլորակում 1 օրը 24 ժամ, 3 րոպե, 56,5554 վրկ է)։
«Տյանվեն-1» առաքելությունն ուսումնասիրելու է Մարսի մթնոլորտը, ռելիեֆը, երկրաբանական առանձնահատկությունները, մագնիսական դաշտերը: Սարքավորումներն ու ինքնագնացը լիցքավորվելու են արեւային էներգիայից։
Առաքելության հիմնական նպատակն է Մարսի վրա կյանքի հնարավոր նշաններ գտնելը, ինչպես նաեւ գիտնականներին օգնելը՝ հասկանալու, թե արդյոք Կարմիր մոլորակի պայմանները կարող են փոխվել այնպես, որ այն պիտանի դառնա մարդկանց ապրելու համար:
Zhurong մարսագնացը վայրէջք էր կատարել Կարմիր մոլորակի վրա «Տյանվեն-1» զոնդի միջոցով: Ընդ որում՝ սա Մարսի վրա վայրէջք կատարած առաջին չինական տիեզերական սարքն է եւ աշխարհում երկրորդը՝ ամերիկյանից հետո: Պաշտոնական Պեկինը սա պատմական իրադարձություն է անվանել։
«Մարսի վրա առաջին անգամ չինական հետք դրվեց։ Սա եւս մեկ նշանակալից քայլ է Չինաստանի տիեզերական արդյունաբերության զարգացման ուղղությամբ»,- ասել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը՝ ժողովրդին շնորհավորելով կոմունիստական կուսակցության եւ պետական բարձր ատյանների անունից։
«Տյանվեն-1» տիեզերանավի ճամփորդությունը մեկնարկել էր 2020-ի հուլիսին։ Յոթ ամիս անց այն հասել էր Մարսի ուղեծիր եւ, երկու ամիս պտտվելով մոլորակի շուրջը, մայիսի 15-ին հաջողությամբ իրականացրել Zhurong մարսագնաց ապարատի վայրէջքը, որին չինացիները կնքել են կրակի Աստծո անունով։ Իսկ Tianwen-ը չինարենից թարգմանաբար նշանակում է «հարցեր երկնքին». սա ավելի քան 2 հազար տարի առաջ գրված չին բանաստեղծի պոեմից է։
Փետրվարին Մարս էր հասել NASA-ի Perseverance ապարատը: Մարտից այն սկսել է հետազոտական աշխատանքները։ Ամերիկյան ապարատի սարքավորումներին հաջողվել է Մարսի մթնոլորտից թթվածին ստանալ, ինչը մեծ քայլ է դեպի Կարմիր մոլորակ հետագա տիեզերական ճամփորդությունների համար։