ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանություն է տարածել Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձեւի առնչությամբ:
ԵԽ-ն մայիսի 20-ին ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ բանաձեւ, որում անդրադարձ է կատարվում նաեւ ԼՂ հակամարտության եւ տարածաշրջանային անվտանգության առավել լայն համատեքստին:
ԱԳՆ-ն ընդգծել է, որ բանաձեւում ամրագրված է հստակ պահանջ՝ անհապաղ եւ անվերապահ ազատ արձակելու բոլոր հայ ռազմագերիներին եւ քաղաքացիական անձանց, որոնք գերեվարվել են պատերազմի ժամանակ եւ դրա ավարտից հետո: Հասցեական կոչ է արվում Ադրբեջանի կառավարությանը` տրամադրելու պատանդառության մեջ գտնվող բոլոր անձանց ամբողջական ցուցակը, տեղեկություն նրանց առողջական վիճակի մասին, ինչպես նաեւ տեղեկություն գերության մեջ մահացածների մասին։
«Միաժամանակ լուրջ մտահոգություն է հայտնվում առ այն, որ համաձայն արժանահավատ զեկույցների՝ հայ ռազմագերիները եւ պատանդի կարգավիճակում գտնվող անձինք պահվում են նվաստացուցիչ պայմաններում, ենթարկվում են անմարդկային վերաբերմունքի եւ խոշտանգումների, եւ այս համատեքստում Եվրոպական խորհրդարանը դատապարտում է խոշտանգումների եւ բռնի անհետացման բոլոր դեպքերը»,- ընդգծել է ՀՀ ԱԳՆ-ն:
Բանաձեւում նաեւ կոչ է արվել ձեռնպահ մնալու թշնամական հռետորաբանությունից կամ իրադրության սրմանն ուղղված գործողություններից, եւ դատապարտելի է համարվում Բաքվում, այսպես կոչված, «ռազմավարի պուրակի» բացումը՝ պնդելով, որ այն պետք է անհապաղ փակվի:
Ընդգծվել է կարիքավորներին մարդասիրական օգնություն հասցնելու եւ արցախահայության անվտանգությունն ու Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությունն ապահովելու անհետաձգելի անհրաժեշտությունը:
«Ամրագրվել է նաեւ ԼՂ հիմնախնդրի կարգավորման անհրաժեշտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո եւ համանախագահների կողմից ներկայացված հիմնարար սկզբունքների, այդ թվում՝ ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքի հիման վրա, որը պետք է ուղղված լինի Արցախի ապագա կարգավիճակի որոշմանը»,- շեշտել է արտգործնախարարությունը:
ԱԳՆ-ն ընդգծել է, որ ԼՂ հակամարտության, այդ թվում՝ մարդասիրական հարցերի վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի վերոնշյալ արձանագրումները խիստ կարեւոր են: «Եվրոպական խորհրդարանն ամրագրել է, որ Ադրբեջանի կողմից մարդասիրական իրավունքի խախտումները հավասարազոր են բռնի անհետացմանը: Վերը թվարկված խախտումները պատերազմական հանցագործություններ են, եւ Հայաստանը հետամուտ է լինելու այդ հանցագործություններն իրագործողներին միջազգային արդարադատության առջեւ կանգնեցնելուն»,- գրել է ՀՀ արտաքին գերատեսչությունը:
ԱԳՆ-ն կարեւորել է նաեւ, որ ԵԽ-ն հստակորեն մատնանշել է, որ մայիսի 12-ին Հայաստանի տարածք ներթափանցելով՝ Ադրբեջանը ոտնահարել է միջազգային իրավունքը եւ Հայաստանի տարածքային ամբողջականությունը:
«Այս համատեքստում հատկապես մտահոգիչ են որակվել ադրբեջանական ներկայացուցիչների՝ ներառյալ նախագահի մակարդակով կատարված հայտարարությունները, որոնցում բարձրացվում են տարածքային պահանջներ եւ ուժի կիրառման սպառնալիքներ:
Ադրբեջանի վերոնշյալ գործողությունները Եվրոպական խորհրդարանը որակել է որպես տարածաշրջանում անվտանգությանն ու կայունությանն ուղղված ջանքերի խաթարում:
Եվրոպական խորհրդարանի այս բանաձեւը եւս մեկ անգամ փաստում է, որ ուժի կիրառմամբ հնարավոր չէ կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը եւ Արցախի ժողովրդին զրկել իր անքակտելի իրավունքներից, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքից»,- ասված է ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանության մեջ: