Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում մայիսի 18-22-ն անցկացված «Եվրատեսիլ» երգի միջազգային 65-րդ մրցույթի այս տարվա հաղթող ճանաչվեց Իտալիան:
Ազգային ժյուրիների եւ հեռուստադիտողների քվեարկության ընդհանուր արդյունքներով Իտալիան ներկայացնող Maneskin ռոք խումբը Zitti e Buoni երգի կատարմամբ վաստակել է 524 միավոր: Սա Իտալիայի արդեն երրորդ հաղթանակն է «Եվրատեսիլի» միջազգային մրցույթում։
Երկրորդ տեղը զբաղեցրել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Բարբարա Պրավին՝ 499 միավոր, երրորդը՝ Շվեյցարիան՝ 432 միավոր:
Այս տարվա եզրափակիչ փուլին մասնակցում էին նաեւ Ալբանիան, Բուլղարիան, Մոլդովան, Սերբիան, Հունաստանը, Ֆինլանդիան, Պորտուգալիան, Իսլանդիան, Սան Մարինոն, Ռուսաստանը, Նորվեգիան, Իսրայելը, Ադրբեջանը, Մալթան, Լիտվան, Կիպրոսը, Շվեդիան, Բելգիան եւ Ուկրաինան, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիան, Իսպանիան եւ Գերմանիան:
«Եվրատեսիլի» կազմակերպիչները Բելառուսին այդպես էլ թույլ չտվեցին մասնակցել մրցույթին, քանի որ այդ երկրի ներկայացրած երգը քաղաքականացված էին համարել եւ խնդրել էին նոր երգ ներկայացնել։ Ըստ կազմակերպիչների՝ նոր երգը նույնպես հակասում էր մրցույթի կանոններին:
Հայաստանը հասկանալի պատճառներով այս տարի չմասնակցեց «Եվրատեսիլ»-ին։