ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության ներկայացուցիչ տիկին Քորթնի Ի. Օստրիանը 2021 թվականի մայիսի 20-ին ուղերձով դիմել է Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության մշտական խորհրդին՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։
«Իր լիազորությունների շրջանակում Միացյալ Նահանգները հիշեցնում է ապրիլի 13-ի Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը՝ ընդգծելով իրենց պատրաստակամությունը՝ աջակցել կողմերին բարձր մակարդակի բանակցությունների միջոցով հասնելու մտահոգությունների պատճառ հանդիսացող խնդիրների լուծմանը»:
Որպես կարեւորագույն խնդիրներ ուղերձում նշվում են պատերազմի բոլոր գերիների եւ այլ կալանավորված անձանց վերադարձը, հակամարտության տարածաշրջանի արդյունավետ ականազերծման համար անհրաժեշտ բոլոր տվյալների փոխանակումը, Լեռնային Ղարաբաղ մուտք գործելու սահմանափակումների վերացումը՝ ներառյալ միջազգային հումանիտար կազմակերպությունների ներկայացուցիչների համար, կրոնական եւ մշակութային ժառանգության պահպանումը եւ պաշտպանությունը։
«Մենք ցանկանում ենք, որ կողմերը հնարավորինս արագ վերադառնան բարձր մակարդակի բանակցություններին, առանց նախապայմանների, Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ, շարունակական եւ երկարաժամկետ քաղաքական կարգավորմանն ուղղված քայլերի հրատապ անհրաժեշտությունն ակնհայտ է»,- ասված է ուղերձում:
ԱՄՆ առաքելության ներկայացուցիչը կողմերին կոչ է արել «խուսափել ատելություն սերմանող կամ անմարդկային վերաբերմունք հրահրող հռետորաբանությունից, հետաքննել մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների կամ միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների դեպքերը եւ պատասխանատվության ենթարկել դրանք իրագործողներին»:
Վերջին զարգացումների լույսի ներքո Միացյալ Նահանգները անպատասխանատու եւ անհարկի սադրիչ է որակում «տեղաշարժերն այն տարածքներում, որտեղ լարվածության պահին սահմաններն ամբողջությամբ դեռ սահմանազատված չեն», եւ կողմերին կոչ է անում «տարաձայնությունները լուծելու համար հավատարիմ մնալ քննարկումների ու բանակցությունների գործընթացին` հետագայում եւս չդիմելով միակողմանի եւ ագրեսիվ գործողությունների»: