Ըստ Arab News-ի՝ վերջին տարիներին Թուրքիայի կրթական ծրագրերը եւ դասագրքերը հարստացվել են արմատական գաղափարներով։ Դրանցում կան ե՛ւ հակաամերիկյան տրամադրություններ, ե՛ւ թուրքական ազգայնականություն, ե՛ւ Daesh-ի ու Al-Qaeda-ի գործողությունների հանդեպ համակրանք։
Թուրք դպրոցականներին այժմ սովորեցնում են, որ բոլոր ոչ մուսուլմանները «անհավատներ» են, այդ թվում ՝ քրիստոնյաները եւ հրեաները, որոնց նախկինում անվանում էին «Ավետարանի մարդիկ» [People of the Book]։
Թուրքիայի «ուսումնական ծրագիրը որդեգրել է հակաամերիկյան դիրքորոշում ՝ համակրանք ISIS/(Daesh)-ի եւ Al-Qaeda-ի գործունեության դրդապատճառների հանդեպ»,- ասված է IMPACT-se-ի (Կրթական համակարգում խաղաղության եւ մշակութային հանդուրժողականության մշտադիտարկման ինստիտուտ) եւ «Հենրի Ջեքսոն» բրիտանական հետազոտական կենտրոնի պատրաստած զեկույցում։
2016-ի հեղաշրջման փորձից հետո ուսումնական ծրագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ զեկույցում ասվում է. «Ջիհադը ներթափանցել է դասագրքերի մեջ, դարձել «նորմա», մարտերում նահատակվածների հոգին փառավորվում է»: Զեկույցն արձանագրել է նաեւ, որ ուսուցանվում են էթնո-ազգայնական, կրոնական նպատակներ՝ նեոօսմանիզմի եւ պանթուրքիզմի ոգով:
IMPACT-se-ի գլխավոր տնօրեն Մարկուս Շեֆը Arab News-ին ասել է. «Ինչ որ այսօր երեխաներին սովորեցնում են դպրոցում, վաղը կատարվելու է հասարակության մեջ»:
Ըստ նրա՝ Թուրքիայի կրթական ծրագիրը «շատ բնորոշ է հասարակության այն տեսակին, որն Էրդողանը ցանկանում է ստեղծել: «Օսմանյան տիրապետության դարաշրջանի կարոտախտ կա: Կա իսլամական գաղափարների արմատավորում, դրանք չեն եղել թուրքական ուսումնական նախկին ծրագրերում»: