Թուրքական Daily Sabah պարբերականն անդրադարձել է խորհրդային տարիներին Ղրիմի թաթարների զանգվածային արտաքսմանը, որի 77-ամյակը նշվեց մայիսի 18-ին։ Թուրքիայի ԱԳ նախարարությունն այդ առիթով վերահաստատել է Ղրիմի թաթարներին աջակցելու Անկարայի վճռականությունը:
Նախարարության խոսնակ Թանկու Բիլգիչը հիշեցրել է, որ 1944-ի մայիսի 18-ի գիշերը մոտ 250 հազար «Ղրիմի թաթար թուրք ազգակիցների բռնի ուժով դուրս են բերել իրենց նախնիների հողից եւ արտաքսել անմարդկային պայմաններում»: Նա ընդգծել է, որ այս «ողբերգական իրադարձության» ընթացքում մեծ թվով թաթարներ են զոհվել, եւ նրանք, ովքեր փրկվել են, «ստիպված են եղել ապրել իրենց հայրենիքից դուրս, հայրենիքի կարոտով»:
«Աքսորից 77 տարի անց Ղրիմի թաթար թուրքերը առերեսվում են Ղրիմի ապօրինի բռնակցման հետևանքով ստեղծված մարտահրավերներին: Թուրքիան կշարունակի կանգնել իր հարազատների կողքին՝ նրանց զրկանքները հաղթահարելու, խաղաղություն եւ բարգավաճում ապահովելու եւ նրանց ինքնությունը պաշտպանելու համար»,- ասել է խոսնակը:
Ռուսաստանը 2014-ի փետրվարին զորք մտցրեց Ուկրաինայի Ղրիմի թերակղզի, մեկ ամիս անց նախագահ Վլադիմիր Պուտինը տարածաշրջանը պաշտոնապես հայտարարեց Ռուսաստանի Դաշնության սուբյեկտ: Թուրքիան եւ ԱՄՆ-ն, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան անեքսիան (բռնակցումը) համարեցին ապօրինի, ԵՄ-ն Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառեց:
Անցյալ ամիս Ղրիմի թաթարների ազգային ժողովը (ՂԹԱԺ) երախտագիտություն հայտնեց Թուրքիային, քանի որ Անկարան վերջերս տեղահանված Ղրիմի թաթարների համար բնակարանաշինության նախագիծ հովանավորելու պայմանագիր է կնքել Ուկրաինայի հետ: ՂԹԱԺ-ը բարձր գնահատեց իրենց կենսամակարդակը բարձրացնելուն ուղղված Թուրքիայի ջանքերը։
Ղրիմի թաթարները Սեւծովյան թերակղզու բնիկ մահմեդական համայնք են: 1944-ի մայիսի 18-ին Ստալինի հրամանով Ղրիմի հարյուր հազարավոր թաթարներ արտաքսվել են Կենտրոնական Ասիա՝ մեղադրվելով նացիստական ուժերի հետ համագործակցելու համար:
Ղրիմի թաթարները արտաքսվել են Խորհրդային Միության տարբեր մարզեր, մասնավորապես Սիբիր եւ Ուզբեկստան: Ենթադրվում է, որ աքսորվածների գրեթե կեսը երկար ամիսների ծանր պայմանների պատճառով մահացել է սովից եւ հիվանդություններից:
1987 թվականին խորհրդային կառավարությունը 2300 Ղրիմի թաթարների թույլ տվեց վերադառնալ հայրենիք: 1988-ին եւս 19300-ը վերադարձան, սակայն վերադարձից հետո բախվեցին խտրականության երեւույթների:
Ղրիմի թաթարների մեծ մասը դեմ արտահայտվեց Մոսկվայի կողմից թերակղզու բռնակցմանը: Ռուսաստանի իշխանությունները ճնշում գործադրեցին համայնքի վրա՝ արգելելով ՂԹԱԺ-ի եւ ազգային հեռուստաընկերության գործունեությունը, ինչպես նաեւ ձերբակալեցին տասնյակ ակտիվիստների:
«Մենք կիսում ենք Ղրիմի թաթար թուրքերի ցավը եւ հարգանքով պատվում նրանց հիշատակը, որոնք զոհվեցին աքսորի ընթացքում»,- ավելացրել է Բիլգիչը:
2020-ի հունիսին Ուկրաինայի խորհրդարանը ՄԱԿ-ին եւ միջազգային կազմակերպություններին կոչ է արել Ղրիմի թաթարների տեղահանումները ճանաչելու որպես ցեղասպանություն: