Այս տարվա մայիսի 21-ից մինչեւ հունիսի 6-ը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում անցկացվում է տափօղակով հոկեյի աշխարհի 84-րդ առաջնությունը։ Այն ի սկզբանե նախատեսված էր անցկացնել Բելառուսում, սակայն միջազգային ֆեդերացիան վերանայել է 2017-ին ընդունած իր որոշումն ու խաղերը տեղափոխել Ռիգա։
Դա կապված է 2020 թվականի նախագահական ընտրություններին հաջորդած քաղաքական լարվածության հետ։ Ֆեդերացիան որոշումն ընդունել է՝ «կազմակերպության վերահսկողությունից դուրս գտնվող անվտանգային հանգամանքներով» պայմանավորված։
Բելառուսի իշխանությունները սա համարում են պատժամիջոց եւ, ի պատասխան, արգելել են ֆեդերացիայի որոշման վրա ազդեցություն ունեցած երեք ընկերությունների արտադրանքի ներմուծումն ու վաճառքը։
Դրանցից մեկը Skoda Auto-ն է, որի բաժնետոմսերի 100%-ը պատկանում է գերմանական Volkswagen ավտոմոբիլային ընկերությանը, մյուսը շարժիչի յուղեր եւ քսանյութեր արտադրող Liqui Moly-ն է, երրորդը մաշկի խնամքի Beiersdorf կորպորացիան, որի ամենահայտնի ապրանքանիշը Nivea-ն է: Երեքն էլ, ըստ էության, գերմանական ընկերություններ են, երեքն էլ հոկեյի աշխարհի առաջնության գլխավոր հովանավորներ։
Ըստ գերմանական Deutsche Welle ռադիոկայանի՝ Լուկաշենկոյի կառավարությունը ֆեդերացիայի որոշումը համարում է բելառուս ժողովրդի նկատմամբ անբարյացակամ վերաբերմունք եւ արգելքը ձեռնարկել է «ազգային շահերը պաշտպանելու համար»։
Տնտեսական վերլուծաբաններն ու փորձագետները կարծում են, որ սա անվանապես պատժամիջոց է գերմանական ընկերությունների դեմ, բայց իրականում վնասում է Ռուսաստանին, քանի որ երեք ապրանքատեսակից առնվազն երկուսն արտադրվում են հարեւան-բարեկամ երկրում։
Բելառուսի տնտեսական հետազոտությունների եւ հաղորդակցության կենտրոնի (BEROC) գիտական տնօրեն Կատերինա Բորնուկովայի կարծիքով երեք ընկերություններն իրականում կշահեն, քանի որ հոկեյի աշխարհի առաջնությունը հովանավորելու մերժումը կծառայի նրանց վարկի բարձրացմանը, եւ դա շատ ավելի դրական ազդեցություն կունենա, քան բելառուսական շուկայից ստանալիք օգուտները: