Ըստ ամերիկյան NBC News գործակալության՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ նախագահ Ջո Բայդենը հանդես է եկել երկու պետությունների ստեղծման ճանապարհով արաբա-իսրայելական հակամարտության լուծման օգտին:
Բլինքենը նշել է, որ անհրաժեշտ է պայմաններ ստեղծել այս հարցի ուղղությամբ երկու կողմերի փոխգործակցության համար:
Բլինքենն ընդգծել է, որ երկու պետությունների ստեղծումը միակ միջոցն է Իսրայելի ապագան որպես հրեական ու ժողովրդավարական երկիր ապահովելու համար եւ դրա հետ մեկտեղ պաղեստինցիներին տալու այն, ինչի իրավունքը նրանք ունեն: Նա նշել է, որ խնդիրը այսրոպեական լուծում չի ենթադրում․ նախ պետք է վերջ տալ բռնությանը:
ԱՄՆ պետքարտուղարը պարզաբանել է, որ հրադադարից հետո անհրաժեշտ է զբաղվել հումանիտար մատակարարմամբ եւ պաղեստինցիների ու իսրայելացիների հետ կապերի խորացմամբ: ԱՄՆ-ն ինչպես է վերականգնելու Գազայի հատվածը՝ առանց ՀԱՄԱՍ-ին ուղղակիորեն ֆինանսավորելու հարցին ի պատասխան Բլինքենն ասել է, որ դրա համար կօգտագործվեն անկախ միջնորդներ:
Ավելի վաղ Ջո Բայդենը ԱՄՆ-ի օգնությունն էր խոստացել Գազայի հատվածի՝ իսրայելա-պաղեստինյան վերջին ռազմական գործողության ընթացքում տուժած ենթակառուցվածքները վերականգնելու հարցում։ Այստեղ մոտ 800 հազար բնակիչ զրկվել է խմելու ջրից օգտվելու հնարավորությունից, քանի որ հակամարտության ընթացքում վնասվել է ջրատար ցանցը։
ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչությունը, Գազայի հատվածի իշխանությունների տվյալներին հղում անելով, հայտարարել է, որ ավերվել կամ վնասվել է շուրջ 17 հազար շինություն, այդ թվում ոչնչացվել կամ ոչ պիտանի է դարձել ավելի քան 1800 շենք, վնասվել են 53 կրթական հաստատություն եւ 6 հիվանդանոց: