Ամեն տարի ավանդաբար Հոգեգալստյան տոնի առթիվ նշվում է Հայ առաքելական եկեղեցու նվիրապետական աթոռներից մեկի՝ Պոլսո հայոց պատրիարքության հիմնադրման օրը:
Այս տարի լրացավ աթոռի հիմնադրման 560-ամյակը, սակայն համաճարակի պատճառով մեծ արարողություններ տեղի չունեցան:
Պատրիարքարանը տեղեկացնում է, որ այս տարի աթոռի հիմնադրման օրը ժամերգություն անցկացվեց, որի ավարտին լանջախաչ կրելու արտոնություն տրվեց պատրիարքարանի փոխդիվանապետ Տ. Հովակիմ աբեղա Սերովբյանին, որ աթոռի հոգեւորական դասի ամենանոր ձեռնադրված անդամն է:
Պոլսո հայոց պատրիարք Սահակ եպս. Մաշալյանը աթոռի հիմնադրման 560-ամյակի առթիվ իր քարոզում մասնավորապես ասել է. «Ուրախ ենք եւ հպարտ, քանի որ 560 տարվա ժառանգությունը մինչեւ մեր օրեր է հասել: Դեռեւս մեր պայմաններում ունենք պատկառելի ներկայություն այս քաղաքում, եւ սա ամբողջ հայության համար մեծ վկայություն է:
Այս երկրում ունենք եկեղեցիներ, դպրոցներ՝ իրենց աշակերտներով հանդերձ, ունենք միաբանություն, եկեղեցական դաս, սարկավագների եւ դպիրների փաղանգ, երգչախմբեր, վարչայիններ, հիվանդանոցներ, մամուլ եւ իր եկեղեցուն կապված համայնք։ Հետեւաբար ասելու խոսք եւ անելու գործ ունենք։ Ինչպես մեր նախնիները ոտքի պահեցին, մենք էլ մեր հերթին պիտի ջանանք ոտքի պահել այն՝ եկեղեցական դասով ու աշխարհական զավակներով»։