Իտալիայում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել «Եվրատեսիլ մրցույթի կիսաեզրափակիչ փուլի հեռարձակման ընթացքում իտալացի հաղորդավարի կողմից թույլ տված ոչ կոռեկտ արտահայտությունների վերաբերյալ»։
«Ցանկանում ենք տեղեկացնել, որ դեսպան Ծովինար Համբարձումյանի նամակին ի պատասխան Rai Gold-ի (որը համակարգում է Rai 4, Rai Premium e Rai Movie ալիքները) տնօրեն Ռոբերտա Էննին հայտնել է, թե խորապես ցավում է, որ Եվրատեսիլում Հայաստանի բացակայության մասին արված մեկնաբանությունն ընկալվել է որպես անհարգալից վերաբերմունք։ Նա նշել է, որ հաղորդավարը ամենեւին նման մտադրություն չի ունեցել, այլ ընդհակառակը՝ ցանկացել է ընդգծել, որ բոլոր հակամարտություններն անխուսափելիորեն ազդեցություն են ունենում յուրաքանչյուրի վրա: Տիկին Էննին նշել է, թե ցավում է, որ հաղորդավարի մեկնաբանությունն ակամա դժգոհություն է առաջացրել, եւ իր մերձավորությունն է հայտնել հայ ժողովրդին եւ պատերազմի վայրագությունների միջով անցնող բոլոր ժողովուրդներին։
Ի պատասխան հայ համայնքի բարձրաձայնած դժգոհություններին՝ իր ափսոսանքն է հայտնել նաեւ հաղորդավար Ռայմոնդո Սավերիոն: Նա վերահաստատել է, որ ամենեւին մտադրություն չի ունեցել վիրավորական արտահայտություններ անելու եւ շեշտել է, որ էությամբ պացիֆիստ լինելով՝ ցանկացել է ընդգծել, թե որքան գրոտեսկային եւ անհեթեթ են պատերազմների հետեւանքները։ Նա նշել է, որ նպատակ է ունեցել շեշտելու իրադրության դրամատիկ անհամաչափությունը, եւ ընդունել է, որ դա իրեն չի հաջողվել, որ ակնհայտորեն ինքը սխալ է արտահայտվել եւ շատ ցավում է դրա համար»,- նշված է Իտալիայում Հայաստանի դեսպանության հայտարարությունում:
Հիշեցնենք, որ Իտալիայի 4-րդ հանրային (Rai 4) ալիքով Եվրատեսիլ մրցույթը մեկնաբանելիս հաղորդավարներն անհարգալից արտահայտություններ են արել Հայաստանի վերաբերյալ:
«Հայաստանն այս տարի չի մասնակցում Եվրատեսիլին, որովհետեւ պարտվել է Ադրբեջանին: Հետեւաբար փող էլ չունի մասնակցելու: Իսկ Ադրբեջանը քիչ չի՝ հաղթել է Հայաստանին, դեռ մի բան էլ հասել է եզրափակիչ ու հաղթելու մեծ շանսեր ունի»,- ասել են Եվրատեսիլը վարող իտալացի հաղորդավարները: