Թուրքիայի՝ Հայաստանի հետ սահմանակից Իգդիր նահանգի Արալըք շրջանում առատ տեղումները հեղեղել են բնակավայրը։
Հեղեղումների պատճառով փակվել է հիշյալ հատվածով անցնող Նախիջեւան-Թուրքիա մայրուղին։ Երթեւեկությունը կաթվածահար է եղել։
Թուրքիայի փրկարար ծառայության ստորաբաժանումներն ամբողջ գիշեր աշխատանքներ են իրականացնել մայրուղին վերաբացելու եւ շահագործելու ուղղությամբ։
Ըստ Ermenihaber-ի՝ ջրհեղեղն ուղեկցվել է ուժգին քամիով, որի հետեւանքով Արալըքի մի շարք բնակելի տների տանիքները պոկվել են, իսկ ծառերը՝ տապալվել։
Հորդառատ անձրեւ է տեղացել նաեւ Արարատ լեռան մոտ, որը եւս Իգդիրի նահանգի կազմում է։
Երեկ Երեւանում եւ մարզերում եւս ուժգին քամին մի շարք վնասներ է պատճառել։ ԱԻՆ մամուլի ծառայությունը հաղորդել է, որ 16։22-ից սկսած՝ Ճգնաժամային կառավարման ազգային եւ մարզային կենտրոններ ահազանգեր են ստացվել տարբեր հասցեներում քամու հետեւանքների վերաբերյալ։