Եվրամիության գագաթնաժողովը որոշում է ընդունել արգելելու բելառուսական ավիաընկերությունների թռիչքը ԵՄ օդային տարածքով եւ եվրոպական ավիափոխադրողներին առաջարկել է հրաժարվել այդ երկրի օդային տարածքով թռիչքներից:
ԵՄ պետությունների ղեկավարները խստորեն դատապարտել են Բելառուսում Ryanair ավիաընկերության օդանավի անձնակազմին վայրէջքի հարկադրելը եւ պահանջել անհապաղ ազատ արձակել կալանավորված լրագրող Ռոման Պրոտասեւիչին ու նրա ընկերուհուն:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կառավարությանը հանձնարարել է որոշում մշակել Ուկրաինայի եւ Բելառուսի միջեւ ուղիղ թռիչքները դադարեցնելու մասին եւ ուկրաինական գրանցում ունեցող ինքնաթիռներին արգելել թռչել Բելառուս եւ այդ երկրի տարածքով:
Լիտվայում այդ միջադեպի կապակցությամբ քրեական գործ են հարուցել:
Եվրոպական մի շարք երկրներ ավիաընկերություններին առաջարկում են հետայսու խուսափել Բելառուսի օդային տարածք մուտք գործելուց եւ բելառուսական օդանավերին արգելել թռիչքները Եվրամիություն:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը դատապարտել է Բելառուսի իրավապահների այս գործողությունը եւ հայտարարել, որ Վաշինգտոնը կմիանա միջադեպին եվրոպացի դաշնակիցների արձագանքին՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել Պրոտասեւիչին:
Բելառուսի հատուկ ծառայությունները տեսանյութ են տարածել Պրոտասեւիչից.
«Բարեւ ձեզ, իմ անունը Ռոման Պրոտասեւիչ է: Երեկ ՆԳՆ աշխատակիցներն ինձ բերման ենթարկեցին Մինսկի ազգային օդանավակայանից: Այժմ ես Մինսկի թիվ 1 քննչական մեկուսարանում եմ: Կարող եմ հայտարարել, որ առողջական՝ սրտի կամ որեւէ այլ օրգանի հետ կապված խնդիրներ չունեմ: Աշխատակիցների վերաբերմունքն իմ հանդեպ հնարավորինս կոռեկտ է եւ օրենքի սահմաններում: Շարունակում եմ համագործակցել հետաքննության հետ եւ խոստովանական ցուցմունքներ եմ տալիս Մինսկ քաղաքում զանգվածային անկարգություններ կազմակերպելու փաստի մասին»: