«Ryanair օդանավի կուրսի շեղումը զայրացրել է մի շարք երկրների, որոնք պատրաստվում են մեկուսացնել Բելառուսին եւ նրա առաջնորդին»,- գրում է The New York Times-ը։
Եվրամիությունը երկուշաբթի օրը կոչ է արել ԵՄ-ում գործող ավիաընկերություններին դադարեցնել թռիչքները Բելառուսի վրայով եւ սկսել բելառուսական ավիաընկերությունների թռիչքներն արգելելու գործընթաց։
Գործընթացի սկիզբը, որը հայտարարվել էր երկուշաբթի երեկոյան Բրյուսելում ԵՄ առաջնորդների գագաթնաժողովի ժամանակ, պայմանավորված էր նախօրեին Հունաստանի եւ Լիտվայի միջեւ կոմերցիոն թռիչքի հարկադիր վայրէջքով, որը հրահանգված էր Բելառուսի իշխանությունների կողմից:
Օդանավը դեպի Մինսկ շեղելուց հետո Բելառուսի իշխանությունները ձերբակալել էին բելառուս երիտասարդ Ռոման Պրոտասեւիչին: Նրա գործընկեր Սոֆյա Սապեգային նույնպես թույլ չէին տվել վերադառնալ օդանավ:
ԵՄ ղեկավարները կոչ են արել «անհապաղ ազատ արձակել» եւ պահանջել, որ «երաշխավորվի նրանց տեղաշարժի ազատությունը»:
ԵՄ-ն առաջին անգամ չէ, որ գործում է Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ:
Անգամ օդանավի այս միջադեպից առաջ այն պատժամիջոցներ էր սահմանել պարոն Լուկաշենկոյի եւ նրա որոշ գործընկերների նկատմամբ՝ անցյալ տարի Բելառուսի ընտրություններից եւ դրան հաջորդած բռնի գործողություններից հետո: Եվրոպացի պաշտոնյաները չընդունեցին քվեարկության արդյունքները՝ ընտրությունները համարելով ոչ ազատ, ոչ արդար:
Երկուշաբթի օրը, վրդովված իռլանդական ավիաընկերության օդանավի հարկադիր վայրէջքից, եվրոպացի առաջնորդները ձեռնարկեցին ռեժիմի վրա ճնշում գործադրելու նոր գործողություններ:
Բացի ավիացիոն միջոցառումներից՝ նրանք նաեւ խոստացել են ավելացնել նոր տնտեսական պատժամիջոցներ Մինսկի կառավարության դեմ, բայց դրանք կարող են իրավականորեն ծանր լինել եւ ամենայն հավանականությամբ ավելի երկար կտեւեն, քան ավիացիոն միջոցառումները:
Դռնփակ հանդիպման ժամանակ, որտեղ ամբողջական գաղտնիությունը ապահովելու համար արգելված էին բջջային հեռախոսները, ԵՄ անդամ 27 երկրների ղեկավարները անսովոր արագությամբ որոշում կայացրին կտրել օդային հաղորդակցությունները Բելառուսի հետ:
Հրատապ հարցերի շուրջ կոնսենսուսը, ընդհանուր առմամբ, հեշտ ու արագ չի տրվում: Բայց հաշվի առնելով բելառուսական գործողությունների սանձարձակությունը՝ քչերն են լուրջ առարկություններ հայտնել գործողությունների այս ընթացքի վերաբերյալ, ասում են ԵՄ պաշտոնյաները:
Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավիեր Բեթելը դա կոչել է խելագարություն։ «Դա շատ վատ կինոնկարի նման մի բան է: Դա ցույց է տալիս ռեժիմի վիճակը»:
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը «միանգամայն անընդունելի առեւանգում» է անվանել օդանավի հարկադիր վայրէջքը, ինչպես նաեւ երիտասարդ լրագրողի ձերբակալումը:
Լիտվայի Նախագահ Գիտանաս Նաուսեդան (Լիտվան թռիչքի վերջնակետն էր եւ պարոն Պրոտասեւիչի բնակության վայրը) գործողությունն անվանել է «պետական ահաբեկչություն»:
Տիկին ֆոն դեր Լեյենը ասել է, որ Եվրամիությունը պատրաստ է երեք միլիարդ եվրո ներդնել Բելառուսում, եթե տեղի ունենա ժողովրդավարական իշխանափոխություն՝ ընդդիմության գլխավորությամբ:
Վերլուծաբանները կանխատեսել էին, որ ԵՄ-ն կարող է դժկամորեն արգելել թռիչքները Բելառուսի վրայով, քանի որ նման քայլը դժվարություններ կստեղծի եվրոպական ավիաընկերությունների համար: Ավիաընկերություններն արդեն իսկ խուսափում են Ուկրաինայից Ռուսաստանի հետ հակամարտության պատճառով: Բելառուսական օդային տարածքը փակելը նաեւ լուրջ դժվարություններ է առաջացնում Եվրոպայից Ասիա թռիչքների համար:
Երկուշաբթի օրը «Եվրասիա գրուպ» հետազոտական ընկերության վերլուծաբանները գրել էին. «Եվրոպայից դեպի Ասիա թռչելը, առանց Բելառուսի տարածքը հատելու, հավանաբար չափազանց թանկ եւ դժվար կլինի»:
ԵՄ-ն խնդրանքով դիմել է նաեւ ՄԱԿ, Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը՝ հետաքննություն անցկացնելու միջադեպի առնչությամբ: Մոնրեալում տեղակայված գործակալությունը շտապ հանդիպում է նշանակել հինգշաբթի, բայց հետաքննությունը կարող է ամիսներ տեւել:
Պատրաստեց Կարինե Դավոյանը