ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն այսօր Արցախում ընդունել է ՌԴ խաղաղապահ առաքելություն իրականացնող զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին։
Հանդիպման ընթացքում քննարկվել է Արցախում խաղաղապահ առաքելության ընթացքը։ Ռուստամ Մուրադովը ներկայացրել է հրադադարի ռեժիմի պահպանման ուղղությամբ ռուսական զորախմբի կողմից ձեռնարկվող գործողությունները։
«Զրուցակիցները մանրամասն քննարկել են նաեւ ադրբեջանական սադրանքի հետեւանքով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը եւ հայկական կողմի ձեռնարկած գործողությունները։
Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ բացարձակ անթույլատրելի է ՀՀ ինքնիշխան տարածքների հանդեպ որեւէ ոտնձգություն, եւ որ այս հարցում պաշտպանության նախարարության դիրքորոշումը հստակ է. ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչները պարտավոր են առանց նախապայմանների վերադառնալ իրենց ելման դիրքեր։
Վաղարշակ Հարությունյանն ու Ռուստամ Մուրադովը քննարկել են իրադրության հանգուցալուծման հնարավոր տարբերակները»,- ասված է ՀՀ ՊՆ հաղորդագրությունում։