Նիդերլանդներում Հայաստանի դեսպանությունը հայտնել է, որ Նիդերլանդների խորհրդարանը ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունել է բանաձեւ, որով կառավարությանը կոչ է արվում ջանքեր գործադրելու, որպեսզի Եվրամիությունը Հայաստանի տարածքից ադրբեջանական ուժերը անհապաղ դուրս բերելու պահանջ դնի:
Բանաձեւում, մասնավորապես, ասվում է. «Պալատը, լսելով քննարկումները, արձանագրելով, որ Ադրբեջանի զորքերը ներխուժել են Հայաստանի տարածք, նպատակ ունենալով կանխելու հակամարտության հնարավոր սրումը, կոչ է անում կառավարությանը պնդելու Եվրոպական Խորհրդում՝ միանալու Ֆրանսիայի նախագահ Մակրոնի՝ Ադրբեջանին ուղղված՝ անմիջապես զորքերը դուրս բերելու պահանջին»։