ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել է, որ Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների կողմից ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու, ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու եւ ՀՀ ԶՈՒ զինծառայողի սպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։
Դատախազությունը հայտնել է, որ այսօր ցերեկը Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մի խումբ զինված զինծառայողներ իրենց հրամանատարների կազմակերպմամբ, առանց թույլտվության, ապօրինի հատել են ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի վարչական տարածքի Վերին Շորժա բնակավայրի սահմանային հատվածում պահպանվող ՀՀ պետական սահմանը եւ ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու դիտավորությամբ բռնության կոչեր են հնչեցրել այդ հատվածում պահպանություն իրականացնող ՀՀ ԶՈՒ-ի զինծառայողների նկատմամբ, պահանջել դիմադրություն ցույց չտալ ու ազատել տարածքը:
«Առաջացած վիճաբանության ընթացքում նրանք դիտավորությամբ կրակահերթեր են արձակել ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ, որի արդյունքում ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ, 1989 թ. ծնված Գ. Խուրշուդյանը որովայնի շրջանում ստացել է հրազենային վիրավորում: Զինծառայողը տեղափոխվել է Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ, որտեղ արձանագրվել է նրա կենսաբանական մահը»,- նշել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ Ադրբեջանը առնչություն չունի Վերին Շորժայի սահմանային հատվածում հայաստանցի զինծառայողի զոհվելու հետ՝ ասելով, թե հակառակորդի ուղղությամբ կրակ չի բացվել։
Ըստ ադրբեջանական կողմի՝ այսօր ցերեկը հայկական կողմից զինվորական անձնակազմով յոթ բեռնատար փորձել է մոտենալ սահմանային այդ հատվածին, ինչը կանխվել է Ադրբեջանի ստորաբաժանումների կողմից։
Ադրբեջանի ՊՆ պնդել է, թե իրենց տեղեկություններով հայաստանցի զինծառայողը մահացել է դժբախտ պատահարի հետեւանքով։