ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը տեղի կունենա հունիսի 16-ին Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում։
Բարձր մակարդակի հանդիպման մասին մայիսի 25-ին Վաշինգտոնն ու Մոսկվան հայտարարեցին միաժամանակ։
Սպիտակ տունը հայտնել է, որ երկու առաջնորդները քննարկելու են մի շարք հրատապ հարցեր՝ նշելով, որ ԱՄՆ-ն ձգտում է ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում վերականգնելու կանխատեսելիությունը եւ կայունությունը։
Կրեմլը հաղորդել է, որ նախատեսվում է քննարկել ռուս-ամերիկյան հարաբերությունների ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները, ռազմավարական կայունության խնդիրներ, ինչպես նաեւ միջազգային օրակարգի հրատապ հարցեր՝ կորոնավիրուսի համավարակի դեմ համատեղ պայքարը, տարածաշրջանային հակամարտությունների կարգավորումը եւ այլն։
Սպիտակ տունը հայտնել է նաեւ, որ ճշգրտվում են գագաթնաժողովի մանրամասները։ ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանը եւ նրա ռուսաստանցի պաշտոնակից Նիկոլայ Պատրուշեւը օրերս այդ թեման քննարկել են Ժնեւում։