Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ժամանեց Հայաստան:
Օդանավակայանում Իրանի ԱԳ նախարարին դիմավորել է ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը:
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Հայաստան այցի շրջանակում հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի եւ արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ:
Ժամանումից հետո մեկնարկել է Հայաստանի ու Իրանի արտգործնախարարների առանձնազրույցը:
«Գոտեպնդված անպատժելիության զգացումով՝ Ադրբեջանը փորձում է ստեղծել աշխարհաքաղաքական նոր իրողություններ, որոնք չեն բխում տարածաշրջանային կայունությամբ շահագրգիռ երկրների շահերից։ Այս պայմաններում մեր տարածաշրջանային գործընկերների հետ երկխոսությունն առավել քան կարևոր է»,-Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ առանձնազրույցի ժամանակ ընդգծել է Արա Այվազյանը:
ՀՀ ԱԳՆ-ն խոստացել է ավելի ուշ մանրամասներ հայտնել հանդիպման վերաբերյալ։
Զարիֆը վերջին անգամ Հայաստան էր այցելել այս տարվա հունվարին, իսկ երեկ՝ Հայաստան այցելելուց առաջ մեկնել էր Բաքու։