Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր Մինսկում՝ խորհրդարանի նիստում, հայտարարել է, որ Բելառուսի դեմ ոչ թե սառը, այլ սառցե պատերազմ է հրահրված։
Լուկաշենկոն ասել է, որ Բելառուսի իշխանությունները կարող են դադարեցնել իրենց տարածքով դեպի Եվրոպա տեղափոխվող թմրամիջոցների մաքսանենգության եւ թրաֆիքինգի դեմ պայքարը:
Դիմելով ԵՄ անդամ պետությունների ղեկավարներին՝ նա հայտարարել է. «Մենք կանգնեցնում էինք թմրամիջոցներն ու ներգաղթյալներին։ Այժմ դուք էլ նրանց ձերբակալեք ու դատեք»:
Լուկաշենկոն զգաստացման կոչ է արել Եվրոպային՝ հիշեցնելով. «Անզգույշ շարժումներ անելուց առաջ խորհուրդ կտայի հիշել՝ Բելառուսը գտնվում է Եվրոպայի կենտրոնում։ Եթե այստեղ ինչ-որ բռնկում եղավ, կարող է հերթական համաշխարհային պատերազմը սկսվել»:
Հիշեցնենք՝ կիրակի Աթենքից Վիլնյուս թռչող Ryanair ընկերության օդանավը Մինսկում արտակարգ վայրէջք է կատարել «ականապատման» ահազանգից հետո, ինչին հաջորդել է լրագրող Ռոման Պրոտասեւիչի ձերբակալությունը։
Եվրամիության գագաթնաժողովը որոշում է ընդունել արգելելու բելառուսական ավիաընկերությունների թռիչքը ԵՄ օդային տարածքով եւ եվրոպական ավիափոխադրողներին առաջարկել է հրաժարվել այդ երկրի օդային տարածքով թռիչքներից:
ՄԱԿ-ի քաղավիացիայի միջազգային կազմակերպությունը հայտարարել է, որ քաղաքացիական օդանավի հարկադիր վայրէջքը, հնարավոր է, միջազգային՝ Չիկագոյի կոնվենցիայի խախտում է։