Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Ադրբեջանի ՊՆ-ն պնդում է, որ Գեղարքունիքի մարզում տեղակայված հայկական ստորաբաժանումները մայիսի 24-26-ը հրազենից կրակ են արձակել Քելբաջարի եւ Գեդաբեկի շրջաններում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Ադրբեջանի ռազմական գերատեսչության պնդմամբ՝ միջադեպ է արձանագրվել նաեւ Շուշիի մերձակայքում, որտեղ հայկական կողմը ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակահերթեր է արձակել օդ։
Պաշտոնական Բաքվի պնդմամբ՝ միջադեպերի ընթացքում ադրբեջանցի զինվորականները պատասխան կրակ չեն արձակել, տուժածներ չկան։
Ըստ ՀՀ ՊՆ-ի՝ մայիսի 12-ից երեք ուղղություններով Հայաստանի տարածք ներխուժած եւ մի քանի կիլոմետր խորության վրա ամրացած ադրբեջանցիները չեն հեռանում: Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի սահմաններին ժամանակ առ ժամանակ միջադեպեր են գրանցվում:
Երեկ էլ ՀՀ ՊՆ-ն հաղորդեց, որ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում հակառակորդի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր են արձակվել: Կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության ժամանակ զոհվել է կրտսեր սերժանտ Վ. Յ. Խուրշուդյանը։ Ադրբեջանը պնդում է, որ առնչություն չունի հայաստանցի զինծառայողի զոհվելու հետ։