Այսօր Սիրիայի Արաբական Հանրապետությունում նախագահական ընտրություններ են անցկացվում: 2011-ին Սիրիայում սկիզբ առած ռազմական հակամարտությունից ի վեր այսօրվա նախագահական ընտրությունը երկրորդն է: Ըստ կանխատեսումների՝ նախագահի աթոռը կրկին զբաղեցնելու է երկրի գործող նախագահ Բաշար ալ-Ասադը, որ 2000-ից հոր՝ Սիրիայի երկարամյա նախագահ Հաֆեզ ալ-Ասադի մահից հետո Սիրիայի նախագահն է:
Նախագահի պաշտոնում իրենց թեկնածությունն են առաջադրել նաեւ Աբդալահ Սալում Աբդալահը (Սիրիայի միացյալ կոմունիստական կուսակցության քաղաքական գրասենյակի անդամ) եւ Մահմուդ Ահմեդ Մրաաին (ազգային ընդդիմադիր): Կրկին վերլուծաբանների դիտարկմամբ՝ նրանք երկուսն էլ իշխանության հսկողության տակ գտնվող կուսակցություններից են եւ հիմնական թեկնածուի համար լուրջ մրցակիցներ չեն: Հրապարակված տեղեկություններով՝ ընտրելու իրավունք ունի շուրջ 18 միլիոն սիրիացի. նրանք ընտրության են գնալու այն շրջաններում, որոնք Սիրիայի հսկողության տակ են: Հակամարտության պատճառով պաշտոնական Դամասկոսի հսկողությունից դուրս մնացած բնակավայրերում ընտրություն չի անցկացվելու:
Սիրիայի Հանրապետության՝ Հայաստանում բնակվող քաղաքացիներն ընտրություններին մասնակցել են ավելի վաղ՝ մայիսի 20-ին: Հայաստանում սիրիական համայնքի ղեկավար Ջորջ Բարսեղյանն «Ալիք մեդիա»-ին հայտնեց, որ Հայաստանի սիրիացիների մասնակցությունը դեսպանատանն անցկացված քվեարկությանը ակտիվ է եղել, նրանք իրենց ձայնը հիմնականում տվել են Բաշար ալ-Ասադին: Գործող նախագահի օգտին է քվեարկելու նաեւ Սիրիայում ապրող հայերի մեծամասնությունը, եւ նրանք սովորաբար չեն թաքցնում իրենց համակրանքը երկրում տասնամյակներ իշխող Ասադ ընտանիքի հանդեպ:
«Մինչեւ այսօր հայերը Սիրիայում վայելում են երկրի ղեկավարության հովանավորությունը: Նրանք Սիրիայում երբեք նեղություն չեն կրել, բավականին լավ կյանք են ունեցել: Այս ղեկավարությունը, առհասարակ Սիրիան, լինելով մուսուլմանական երկիր, ազգային, կրոնական ոչ մի խտրականություն չի դնում երկրում ապրողների միջեւ, քաղաքակիրթ մոտեցում է ցուցաբերում բոլոր փոքրամասնություններին, իսկ հայերի հանդեպ հատուկ վերաբերմունք ունի: Հայերն էլ փոխադարձ դրական վերաբերմունք ունեն ղեկավարության հանդեպ, տեսել են, որ թե՛ Բաշար ալ-Ասադը, թե՛ նրա հայրը կարողացել են Սիրիայի սոցիալական, տնտեսական, հասարակական կյանքը բարձրացնել ամենաբարձր մակարդակի: Երկիրը շենացնելու ծրագրերը ավելի լայն թափ են ստացել պատերազմի հարվածներից հետո: Ասադների 50-ամյա կառավարությունը գուցե նաեւ թերություններ է ունեցել, ունեցել է եւ ունի ընդդիմադիրներ, կառավարությունից դժգոհներ, բայց միշտ պահել է ի շահ Սիրիայի իր քաղաքականությունը: Ընտրության ժամանակ հայերի մեջ էլ եղած կլինեն նրան դեմ քվեարկողներ, բայց նրանց թիվը շատ չէ եւ ընդհանուր իրավիճակի վրա ազդեցություն չունի»,- սիրիահայերի՝ նախագահի հանդեպ համակրանքի մասին ասում է մեր զրուցակիցը:
Հայաստանյան քվեարկությանը մասնակցել են նաեւ Հայաստանում բնակվող արաբ սիրիացիները, որոնք պատերազմից հետո հաստատվել են Հայաստանում կամ գործի բերումով են այստեղ, բայց նրանց թիվը շատ չէ, Հայաստանում սիրիական համայնքը հիմնականում հայերից է կազմված: Տեղեկացանք, որ այսօր մոտ վեց հազար սիրիահայ է բնակվում Հայաստանում, ընտրության իրավունք ունեցող գրեթե բոլորն էլ մասնակցել են քվեարկությանը:
Ընտրություններից առաջ ընտրությունների վավերականությունն ու ակնկալվող արդյունքը կասկածի ենթարկող հայտարարությամբ էին հանդես եկել մի շարք երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան: Միջազգային հանրության այս կեցվածքի մասին Ջորջ Բարսեղյանն ասում է. «Ո՞ր միջազգային հանրության մասին է խոսքը: Այն, որ վեց-յոթ ամիս առաջ լռո՞ւմ էր Հայաստանում եւ Արցախում տեղի ունեցածի մասին, եւ այսօր էլ, երբ ոտնձգություններ կան մեր սահմաններին, «մատը մատին չի կպցնում»: Այն երկրները, որոնք չեն ճանաչելու Սիրիայի ընտրությունների արդյունքները, բոլորն էլ քաղաքական շահեր ունեցող երկրներ են, եւ դա իրենց խնդիրն է, Սիրիայի խնդիրը չէ: Իսկ ընտրություններից հետո եւ ընդհանրապես Սիրիան ծաղկելու է, ես հավատում եմ: Այնտեղ ապրում է աշխատասեր ժողովուրդ, եւ կարճ ժամանակում կառավարության հետ միասին ոտքի են հանելու երկիրը: Որեւէ պատերազմ հավերժական չէ, վերջնական խաղաղության օրը պիտի գա: Հուսամ՝ Հայաստանում էլ այդպես կլինի: Ես իմ ցանկությունները Սիրիայի հետ հավասար նաեւ Հայաստանին եմ ուղղում, որովհետեւ մենք՝ սիրիահայերս, ունենք երկու հայրենիք, երկու տուն»:
«Խաղաղությունից հետո կվերադառնա՞ն հայերը Սիրիա» հարցին Հայաստանում ճանաչված բժիշկ-սրտաբան Ջորջ Բարսեղյանը պատասխանում է. «Վերադարձողներ էլ կլինեն, մնացողներ էլ կլինեն: Անձամբ ես արդեն հաստատվել եմ Հայաստանում եւ նաեւ ՀՀ քաղաքացի եմ»:
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։