ՀՀ Կառավարության եւ Երեւանի քաղաքապետարանի կողմից իրականացվող «Երեւան քաղաքի երթեւեկության եւ տրանսպորտային համակարգի բարելավման ծրագրի» շրջանակում մայրաքաղաքը ավտոբուսների երկու նոր հավաքակայան կունենա։
Նախատեսվում է ավտոբուսային նոր դեպոյի կառուցում Արշակունյաց պողոտայում եւ ներկայում գործող Նոր Նորքի (Ջրվեժ) դեպոյի եւ Սեղմված բնական գազով (ՍԲԳ) լիցքավորման կայանի վերակառուցում, ինչը Երեւանի քաղաքային կայուն զարգացման ծրագրի, մասնավորապես մեծ հզորությամբ շարժակազմերի (ավտոբուսներ եւ տրոլեյբուսներ) ծավալը մեծացնելու, միկրոավտոբուսների աշխատանքը դադարեցնելու քաղաքային իշխանության որդեգրած քաղաքականության մի բաղադրիչն է:
ՀՀ օրենսդրության պահանջից ելնելով՝ ծրագիրն իրականացնող թիմի պատասխանատուները՝ Երեւանի քաղաքապետարանի «Երեւանի կառուցապատման ներդրումային ծրագրի իրականացման գրասենյակ»-ն ու EGIS INTERNATIONAL նախագծային խորհրդատվական կազմակերպությունը, համատեղ նախաձեռնել են հանրային քննարկումներ ծրագրի նախագծի, շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունների եւ դրանց կանխարգելման միջոցառումների վերաբերյալ:
Մայիսի 27-ին՝ ժամը 14:00-ին, Շենգավիթ վարչական շրջանի թաղապետարանի շենքում տեղի կունենա հանրային քննարկում ավտոբուսների հավաքակայանի կառուցման շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցության վերաբերյալ: Շինարարական եւ վերակառուցման աշխատանքները կարող են մեկնարկել միայն շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացության հիման վրա: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ այս հղումով։
Համաձայն Երեւանի ավտոբուսների ծրագրի ոչ տեխնիկական ամփոփագրի՝ նոր դեպոյի կառուցման համար հատկացվելիք հողամասերը պատկանում են համայնքին, եւ «ամենայն հավանականությամբ, ծրագրի կարիքների համար այս հողամասերի հատկացումը չի հանգեցնի ֆիզիկական կամ տնտեսական տեղահանման կամ հողի կամայական օտարման»:
Արշակունյաց դեպոյի կառուցման համար ընտրված վայրը լքված տարածք է` շրջապատված բնակելի թաղամասով եւ առեւտրային օբյեկտներով: Հարավից եւ արեւելքից տեղանքը սահմանակից է համապատասխանաբար Շիրակի փողոցին եւ Արշակունյաց պողոտային: Վերոնշյալ փաստաթղթում նշված է, որ տարածքը ենթարկվում է մարդածին ազդեցության, ուստի. «Դժվար թե այնտեղ հայտնաբերվեն վտանգված բուսական եւ կենդանական աշխարհի տեսակներ»։
«Երեւան քաղաքի երթեւեկության եւ տրանսպորտային համակարգի բարելավման ծրագրի» իրականացման նպատակով Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը Հայաստանին տրամադրելու է մինչեւ 25 միլիոն եվրոյի վարկ, որը պետք է հատկացվի «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ին: Ավտոբուսների հավաքակայանների կառուցումն ու վերակառուցումը նախատեսվում է իրականացնել Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) համաֆինանսավորմամբ:
Ընդհանուր առմամբ, քաղաքում կա 39 ավտոբուսային գիծ, որոնցում օրական գործում է դիզելով կամ սեղմված բնական գազով աշխատող 7.5-8.5 մ երկարությամբ 400 ավտոբուս: Դրանք շահագործում են 17 ընկերություններ՝ «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ն եւ 16 մասնավոր օպերատորներ: Ըստ 2018 թվականի տվյալների՝ ավտոբուսներով տեղափոխվել է մոտ 83 միլիոն ուղեւոր, ինչը կազմում է այդ տարվա ուղեւորափոխադրումների ընդհանուր թվի 42.5 %-ը: Քաղաքի 66 միկրոավտոբուսային երթուղիները սպասարկում են ավելի քան 1150 միավոր տրանսպորտային միջոցներով։
Առկա հին ավտոբուսների եւ միկրոավտոբուսների փոխարեն ծրագրով նախատեսված 100 նոր ՍԲԳ ավտոբուսների ներդրումը քաղաքի հանրային ցանց կնպաստի ոչ միայն «Երեւանի ավտոբուս» ընկերության ռեսուրսների արդյունավետության բարելավմանը, այլեւ ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը:
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։