ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ այսօր վաղ առավոտյան Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում գերեվարված 6 զինծառայողները պետք է վերադարձվեն անհապաղ եւ անվերապահ:
«Մայիսի 12-ից ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցած ադրբեջանական զորամիավորումները շարունակում են սադրիչ գործողություններ իրականացնել մի շարք ուղղություններով: Դրանցից մեկի արդյունքում մայիսի 27-ի վաղ առավոտյան Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել եւ գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից իրականացվող այս սադրիչ գործողությունները նպատակ ունեն առավել լարել իրավիճակը, ինչը կարող է լրջորեն վտանգել տարածաշրջանային խաղաղությունը եւ կայունությունը»,- ասված է Հայաստանի արտաքին գերատեսչության հայտարարությունում:
Խստորեն դատապարտելով Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության դեմ ուժի կիրառումը՝ ՀՀ ԱԳՆ-ն ընդգծում է՝ ադրբեջանական զինուժի բոլոր գործողությունների եւ դրանց հետեւանքների պատասխանատուն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն է: