Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի մի քանի բնակավայրերի ուղղությամբ այսօր առավոտյան ադրբեջանական զինուժը կրակել է: Տուժածներ չկան:
«Հայ զինծառայողներին գերի վերցնելու ժամանակ եւ դրանից հետո են հնչել կրակոցները: Մանր տրամաչափի զենքերով են կրակել, այս պահին հանդարտ է»,- օրվա երկրորդ կեսին «Ալիք մեդիա»-ին հայտնեց Գեղամասարի համայնքապետի խորհրդական Դավիթ Շահնազարյանը:
Նա Գեղարքունիքի մարզում (նաեւ Սյունիքում) արդեն 15 օր տիրող իրավիճակն աննախադեպ է համարում: Ինչպես հայտնի է, մայիսի 12-ից ադրբեջանական զինուժը «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ Սյունիքում եւ Գեղարքունիքում անցել է ՀՀ պետական սահմանը, գրեթե ամեն օր միջադեպեր են տեղի ունենում, իսկ օրեր առաջ պայմանագրային զինծառայող է զոհվել:
«Այսպիսի բան չէր եղել, որ հակառակորդը գար, մտներ մեր տարածք: 1990-ականներին էլ այսպիսի բան չէր եղել, 44-օրյա պատերազմի օրերին էլ լարվածություն կար այստեղ, արկեր էին ընկնում մեր տարածք, ավելի մեծ տրամաչափի զենքերով էին կրակում մեր ուղղությամբ, բայց Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններից ադրբեջանցին երբեք ներս չէր մտել եւ այսքան երկար մնացել»:
Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքների ղեկավարներ, մարզից պաշտոնյաներ, գյուղացիներ են գիշեր-ցերեկ մարզի վտանգված վայրերում փորձում բանակցել հակառակորդի հետ, բայց անարդյունք: «Սա մեր լուծելու հարցը չէ, սա երկու պետությունների միջեւ ամենաբարձր մակարդակով լուծելու հարց է: Մենք տեղում միայն մեզնից կախված ամեն ինչ անում ենք, որ բնակիչները խուճապի չմատնվեն, չլարվեն: Խուճապ չկա, բայց լարվածություն՝ գուցե, քանի որ թշնամին շատ, շատ մոտ է գտնվում մեր բնակավայրերին»,- ասում է մեր զրուցակիցը:
Համայնքի Կութ, Ազատ եւ Նորաբակ գյուղերի շրջակայքում է հիմնական լարվածությունը, բայց Դավիթ Շահնազարյանը նշում է, որ Գեղամասար համայնքի մեջ մտնող բոլոր 18 բնակավայրերն էլ մոտ են սահմանին ու այսօր տիրող վտանգավոր դրությանը:
Պատերազմից հետո Սյունիքի եւ Գեղարքունիքի շուրջ 40 բնակավայր ներառվել է սահմանամերձ համայնքների ցանկում, բայց դրանց մեջ չեն եղել Գեղամասարի այն գյուղերը, որոնց սահմանում (որոշ տեղերում՝ սահմանից ներս) 15 օր է՝ նստած է ադրբեջանական զինուժը:
«Միայն Սոթքն ու եւս երեք գյուղ են ներառվել այդ ցանկում, բայց ամբողջ Գեղամասարն է սահմանամերձ այսօր: 18 գյուղից միայն երեք-չորսն անմիջական սահման չունեն, մյուսներն ունեն: Դիմել ենք, որ նրանք էլ ներառվեն ցանկում, օգտվեն արտոնություններից, մերժել են, բայց իրենց մերժման հիմքերը մեզ համար գոհացուցիչ չեն»,-համայնքի խնդիրները ներկայացնելիս ասում է համայնքապետի խորհրդականը:
Իսկ խնդիրները բազում են. Գեղամասարի բոլոր գյուղերում էլ հիմնականում 1990-ականներին Ադրբեջանից եկած փախստականներ են բնակվում. «Նրանց խնդիրներն արդեն կային, մեր առօրյա խնդիրները կան, վերջին պատերազմից հետո էլ ավելացան Քարվաճառի շրջանից այստեղ եկած ընտանիքների հարցերը, հիմա էլ՝ այս լարվածությունը»:
Դավիթ Շահնազարյանը չի պատկերացնում, թե Գեղամասարի գյուղերում մարդիկ, որոնց եկամտի հիմնական աղբյուրն անասնապահությունն է (երբեմն՝ պայմանագրային զինծառայությունը), ինչպես են ապրելու: Գյուղերի մեծ մասի արոտավայրերն ու խոտհարքները դարձել են առաջնագիծ. մտավախություն ունի, որ տղամարդիկ կբռնեն արտագնա աշխատանքի ճանապարհը, մինչդեռ Գեղամասարի շրջանից, ինչպես ասում է, արտագնա աշխատանքի սովորաբար չէին գնում:
Հակառակ վերջին 15 օրվա լարվածությանը՝ գյուղերը լքողներ չեն եղել, դպրոցները գործել են կանոնավոր, մարդիկ այս պահին սպասում են, որ շրջանից այսօր առավոտյան գերեվարված վեց զինծառայողներին կարողանան վերադարձնել. «Գերեվարվածների մասին ամբողջ տեղեկատվությանը տիրապետում ենք, որոշակի գործընթաց է գնում, մանրամասներ չեմ կարող հայտնել, հույս ունենք, որ կհաջողվի վերադարձնել տղաներին: Ոմանց անձամբ ճանաչում եմ, մեր տարածաշրջանից էլ կան, այլ տեղամասերից էլ: Նրանք սահման չեն անցել, մեր տարածքում են եղել, պարզ է, որ ադրբեջանական կողմի ասածը սուտ է»:
Համայնքապետի խորհրդականը նշում է նաեւ, որ մարզի սահմանում տեղավորված ադրբեջանցիներն այս օրերին պնդում են, թե իրենք իրենց տարածքում են: «Ասում են, որ հրաման կա մնալ եւ պահել իբր թե իրենց տարածքը: Բայց փաստ է, որ իրենք մեր տարածքում են»: Իսկ թե ինչ ելքեր կան այս ամեն ինչից, մեր զրուցակիցն ասում է. «Նրանց հետ հաշտ ապրելն անձամբ ես չեմ պատկերացնում: Այս ամեն ինչից հետո չեմ պատկերացնում: Միակ ելքը մեր բանակը, տնտեսությունն ու երկիրը հզորացնելը, այս ստորացած վիճակից դուրս գալն ու ուժեղի դիրքերից խոսելն է»:
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։