Հաշվեքննիչ պալատի (ՀՊ) 2020 թվականի պետական բյուջեի տարեկան կատարման հաշվետվության համաձայն` անցած տարի առողջապահության նախարարությունն իր որոշ պաշտոնյաների վճարել է ավելի քան 56 մլն դրամ պարգեւավճար: Դա առանձնացվել է Քովիդ-19 համավարակի դեմ պայքարի ծրագրերին կառավարության հատկացրած մոտ 26,5 մլրդ դրամից: Մինչդեռ, ըստ ՀՊ հաշվետվության, այդ ծրագրերով նախարարության աշխատակիցների համար պարգեւավճարների գումար նախատեսված չի եղել:
«Բայց նախարարությունը, չպահպանելով կառավարության որոշումների պահանջը, 2020-ին 56 միլիոն դրամը վճարել է որպես պարգեւավճար: Հաշվեքննության ընտրանքում ներառված 11 աշխատակիցների վերոնշյալ գումարից վճարվել է մոտ 15 միլիոն դրամ պարգեւավճար»,- նշված է անցած շաբաթ հրապարակված ուսումնասիրության մեջ:
Բացի այդ՝ 5 աշխատակցի վճարվել է ավելի քան 14 մլն դրամի պարգեւավճար: Ներկայացնելով այս թվերը` պալատը շեշտում է, որ գործող օրենքի համաձայն՝ հատուկ առաջադրանքի եւ որակյալ աշխատանքի համար պետական ծառայողը կարող է պարգեւատրվել աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներից: Սակայն ուսումնասիրության արդյունքում բացահայտել են, որ ընտրանքում ներառված 22 աշխատակիցներից որեւէ մեկին հանձնարարված չի եղել այնպիսի առաջադրանք, որը պարգեւատրման հիմք կլիներ: Բացի այդ՝ պարգեւատրումը գերազանցել է օրենքով սահմանված չափը:
Մասնավորապես Լ.Ն.-ն մարտ-հունիս ամիսներին 4 մլն 250 հազար դրամի փոխարեն պագեւատրվել է 7 մլն 349 հազար դրամով, կատարվել է մոտ 3 մլն դրամի չափով ավելի վճարում: Լ.Ն.-ն, ամենայն հավանականությամբ, առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն է, ու դժվար թե որեւէ շարքային աշխատակից նման բարձր պարգեւավճար ստանար: Եվ նա միայն անցած տարվա այդ չորս ամիսներից յուրաքանչյուրի համար ստացել է ավելի քան 1, 8 մլն դրամ պարգեւավճար: ՀՊ-ն պարզել է, որ նման կարգով պարգեւավճարներ ստացել են նախարարության այլ աշխատակիցներ եւս:
Առողջապահության նախարարությունը խախտումներ է թույլ տվել նաեւ արձակուրդային նպաստների վճարումներում: Նույն Լ.Ն.-ն, 2020-ի արձակուրդն ամբողջությամբ չօգտագործած, ստացել է եւս երեք օր այս տարվա հասանելիք արձակուրդից եւ ստացել է 1 մլն 761 հազար դրամ արձակուրդային նպաստ: Պալատը նշում է, որ նրան արձակուրդից հետ կանչելիս չեն պահպանվել օրենքի պահանջները:
Ու թեեւ ՀՊ-ն ոչ թե գերատեսչությունների ծախսերն ամբողջությամբ է ուսումնասիրում, այլ դրանց մի մասը ընտրանքային կարգով, այնուամենայնիվ, նույն առողջապահության նախարարությունում հայտնաբերել է աշխատավարձերի եւ պարգեւավճարների վճարման բազմաթիվ անհամապատասխանություններ: Եղել են նաեւ չնախատեսված հաստիքներ, օրենքով սահմանված չափը գերազանցող աշխատավարձեր եւ այլ բնույթի խախտումներ:
Հաշվեքննիչ պալատի կողմից հայտնաբերված խախտումները համատարած էին հատկապես աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարության ծրագրերում: Արդեն իսկ հրապարակումներ եղել են, որ մահացած մարդկանց անուններով դուրս են գրվել օրթեզներ, սայլակներ: Բայց այս համակարգում խախտումներ կան բոլոր օղակներում, մասնավորապես մանկատներում, տուն-ինտերնատներում ու խնամքի այլ կենտրոններում: Եթե մյուս գերատեսչություններում ՀՊ-ի կատարած ուսումնասիրությունները մի քանի տասնյակ էջերում էին տեղավորվում, ապա սոցապ ոլորտում` մի քանի հարյուր էջերում: Եվ այս ոլորտում արդեն պալատի համար կասկածելի են թվացել գնումները. որոշ դեպքերում՝ ձեռք բերված ապրանքների գները, որոշ դեպքերում` քանակը:
Օրինակ՝ «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ում ուսումնասիրություններ կատարելիս ՀՊ-ն հայտնաբերել է, որ մի շարք մատակարարված ապրանքների քանակները կամ ավելի, կամ նվազ են եղել պայմանագրով սահմանված չափաքանակներից: Վերստուգիչ գերատեսչությունը խոր ռիսկային է համարել պայմանագրով սահմանված 220 խնամվողի համար 300 հատ բրդյա սվիտերի գնումը:
«Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ն իր հաստիքացուցակը հաստիքային յոթ միավորով ավելի է սահմանել՝ չպահպանելով պահանջը, եւ դրա հետևանքով տարեկան 14,8 մլն դրամով ավելի աշխատավարձի ֆոնդ է հատկացվել: Իսկ 2019-ին մանկատանն արձանագրվել է աշխատակիցների աշխատավարձերի եւ հավելավճարների 5,2 մլն դրամի գերածախս:
ՀՊ-ն խախտումներ է հայտնաբերել աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության նաեւ նպաստների վճարման համակարգում. մարզային տարբեր կառույցներում նպաստ ստացողների թիվը տարբեր քանակով ավելի է եղել իրական թվից: Խախտումներ կան նաեւ այլ գերատեսչություններում:
Հաշվեքննիչ պալատի ամբողջական զեկույցը դեռ հրապարակային չէ, հասանելի են առանձին ոլորտներին վերաբերող մի քանի զեկույցներ: Պետական գերատեսչությունները, այդ թվում առողջապահության նախարարությունը դեռեւս չեն շտապում իրենց համակարգում գրանցված խախտումների վերաբերյալ բացատրություններ ներկայացնել: Դա հավանաբար կանեն այն ժամանակ, երբ պալատն իր ամբողջական զեկույցը ներկայացնի Ազգային ժողովի դատին:
Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունից նաեւ պատասխանեցին, որ խախտումների վերաբերյալ նյութերը դատախազությունում են, եւ չեն մեկնաբանի մինչեւ գործի քննության ավարտը: Խախտումների մի մասը տեղի էր ունեցել դեռեւս Զարուհի Բաթոյանի պաշտոնավարման ժամանակ: Վերջինս նույնպես չցանկացավ որեւէ մեկնաբանություն տալ` ասելով, որ դա պետք է նախարարությունն անի:
«Դժբախտաբար, լավագույն ավանդույթները պահպանվում են»,- ասում է «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը:
Վերջինս նշեց, որ մի կողմից հեղափոխությունը հեշտ է լինում քաղաքական առումով, բայց սերունդների փոփոխություն է պետք, որ մարդկանց ուղեղներում բան փոխվի: Այն էլ այն պայմանով, որ հեղափոխականներն իրենք վարվեն այնպես, ինչպես ասում են:
«Բնականաբար, կան նախկինից մնացած երեւույթներ, բայց որքանով է դա վերեւ բարձրացել, դեռ պետք է հասկանալ: Բայց տարօրինակն այն է, որ Զարուհի Բաթոյանն օրեր առաջ ասել էր, թե ինքը տեղյակ չէ այդ խախտումների մասին: Եթե այդպես է, դա պրոֆեսիոնալիզմի պակաս է: Բայց եթե գիտեր ու ճիշտ չէր ասում, դա այլ հարց է»:
Այս խախտումները, մինչհեղափոխական շրջանի խախտումների հետ համեմատած, շատ փոքր են: Հիշեցնենք, որ Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանն իր տարեկան զեկույցներից մեկը ներկայացնելիս հայտարարեց, որ բյուջեի 70 տոկոսը կոռուպցիոն ռիսկի տակ է, եւ չկա մի ոլորտ, որտեղ ՎՊ-ն ստուգումներ իրականացնի ու չարաշահումներ չհայտնաբերի: Իհարկե, Հանրապետական խմբակցության պատգամավորները նրան անարգանքի սյունին գամեցին, թե «ինչու ես մեր կառավարությանը «գող» ասում»: Այն ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը նրան հրապարակավ հանդիմանելու համար հատուկ նիստ հրավիրեց ու ասաց՝ «քո կարծիքը որեւէ մեկին չի հետաքրքրում, այն քո տանը կարտահայտես», բայց դրանից կոռուպցիան չնվազեց: Միայն Իշխան Զաքարյանը լռեց ու լռում է մինչ օրս:
Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։