ՀՅԴ Գերագույն մարմնի հայտարարությունը.
Հայաստանի Հանրապետության իշխանություններն անմիջական պատասխանատվություն են կրում ՀՀ սահմաններին ծավալվող իրադարձությունների համար: Հայրենիքը չպաշտպանելու նրանց վարքագիծը պատճառ է, որ թշնամին է՛լ ավելի լկտիանա ու սանձարձակ գործողությունների դիմի: Նիկոլ Փաշինյանը դեռեւս նոյեմբերի 18-ին խոստացել էր շուտափույթ Հայաստան վերադարձնել գերեվարված անձանց: Այս խոստումից հետո ադրբեջանական գերության մեջ հայտնվեցին նոր քաղաքացիներ: Այսօր թշնամին գերեվարեց վեց զինծառայողի, իսկ մայիսի 25-ին, թշնամու գնդակից զոհվեց ՀՀ զինված ուժերի զինծառայող: Սահմանադրությամբ ամրագրված իրենց պարտականությունները կատարելու փոխարեն, Հայաստանի իշխանությունները զբաղված են ստեղծված իրավիճակի համար Հայաստանում եւ Հայաստանի սահմաններից դուրս մեղավորներ նշանակելով:
Վերջին օրերին տեղի ունեցած դեպքերը մեկ անգամ եւս փաստում են, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանություն գոյություն չունի, եւ ամեն օրը սպառնալիք է պետության գոյության համար:
Ազգային արժանապատվությունը վերականգնելու, ՀՀ քաղաքացիների եւ հայրենիքի անվտանգությունն ու պաշտպանվածությունը ապահովելու լուծումը ընտրությունների միջոցով երկրի կառավարումը ազգային ուժերին եւ անձանց փոխանցելն է: Սակայն, մինչեւ նոր իշխանության ձեւավորումը, անհետաձգելի անհրաժշտություն է թշնամու կասեցումը:
Ըստ այդմ՝
պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի անհապաղ փաստացի հեռացում եւ Հայաստանի կառավարության ժամանակավոր նոր ղեկավարի նշանակում: Այս հարցում կառավարության անդամների եւ իրավապահ մարմինների անգործությունը նրանց դարձնում է հանցակից, եւ նրանցից յուրաքանչյուրն անհատական պատասխանատվություն է կրում երկրի անվտանգային եւ դիվանագիտական ձախողումների համար,
կոչ ենք ուղղում միջազգային հանրությանը եւ Հայաստանի դաշնակից երկրներին՝ դատապարտել Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները, ձեռնարկել գործողություններ՝ զսպելու վերջինիս: