Իմ գյուղը քչերին հայտնի մի փոքրիկ անկյուն էր, որտեղ ծնվել ու մեծացել եմ։ Իմ գյուղը Թաղոտն է, գտնվում է Հադրութի շրջանում։
Իմ գյուղը իմ հայրենիքն էր, իմ օդը, իմ ջուրը, իմ մանկությունը, իմ ծննդավայրը, իմ ամեն ինչը։ Շատերը «գյուղ» բառը լսելիս պատկերացնում են աշխարհից վերացած, հնարավորություններից զուրկ մի տարածք, որտեղ մարդիկ կտրված են ամեն ինչից։ Բայց ուրախությամբ կնշեմ, որ իմ գյուղը այդպիսին չէր։ Գյուղի բնության մասին խոսելն ավելորդ է։ Մարդիկ չէին կարող անտարբեր անցնել մեր գյուղի բնության կողքով։ Գյուղում է անցել իմ վառ, գունավոր մանկությունը։ Գյուղն ունի 204 բնակիչ։ Դպրոցում սովորում էին 42 աշակերտ։ Թաղոտն ունի միջնակարգ դպրոց, գրադարան, մշակույթի տուն, բուժկենտրոն, խանութներ, հանդիսությունների սրահ։ Բնակչությունը հիմնականում զբաղվում էր անասնապահությամբ, բանջարաբուծությամբ, մեղվաբուծությամբ, հացահատիկային բույսերի մշակմամբ եւ այլն։
Մարդիկ ապրում էին խաղաղ ու երջանիկ։ Բայց այդ օրը՝ սեպտեմբերի 27-ին, ամեն ինչ գլխիվայր շրջվեց։ Այդ օրը կյանքիս ամենադաժան օրն էր։ Դժվար է ինչ-որ բան գրել հիմա, երբ վերջացել է 44 օր տեւած այդ մղձավանջը, բայց մեր հոգու մեջ այն դեռ շատ երկար է շարունակվելու։ Մենք չենք ապրում, ուղղակի գոյատեւում ենք, բայց ասում են՝ եթե ցավ ես զգում, նշանակում է դեռ ողջ ես։ Մենք պետք է ապրենք հանուն մեր հերոս տղաների, ովքեր չխնայեցին իրենց կյանքը հանուն հայրենիքի, հանուն մեր բոլորի անհոգ կյանքի։
Այս պատերազմում տուժել է նաեւ մեր գյուղը։ Թշնամին գրավեց իմ գյուղը, իմ տունը, ու ամենացավոտը՝ նրանք խլեցին իմ մանկությունը։ Չնայած այս ամենին՝ ես համոզված եմ, որ անպայման կգնամ տուն։ Խնդրում եմ, որ կանգո՛ւն մնաս, իմ Թաղո՛տ։ Շուտով ետ կգամ․․․
Թաղոտի մասին
Նախկինում անվանվել է Թաղուտ, իսկ հետո՝ Թաղոտ։ Գտնվում է Ղարաբաղի լեռնաշղթայի Իշխանասարի արեւելյան Տումի լեռնաճյուղերի արեւելահայաց լանջերի հարթավայրային մասում, Տումի գետակի աջ գետահովտի բարձրության վրա, Տող գյուղից հարավ, Մխրենիսի ձորից հոսող առվի աջ կողմի բարձրության վրա: Երեք կողմից շրջապատված է անտառապատ լեռներով, «Ճռանա խութ» լեռան հյուսիսարեւմտյան մասում, Ստեփանակերտ քաղաքից 60 կմ դեպի հարավ-արեւելք, Հադրութ քաղաքից 15 կմ դեպի հյուսիս-արեւմուտք։
Գտնվում է ծովի մակերեւույթից 800 մ բարձրության վրա։ Թաղոտ գյուղում եւ նրա շրջակայքում պահպանվել են գյուղի մեջ 1896 թվականին կառուցված «Սբ Հովհաննես» եկեղեցին, 17-րդ դարի խաչքարը, 1705 եւ 1731 թվականների տապանաքարերը, 1738 թվականին կառուցված աղբյուրը, 19-րդ դարի արձանագիր քարը, գյուղի սահմանաեզրին՝ 12-18-րդ դարերի գերեզմանոցը, 12-րդ դարի «Յոթ Խաչ» կիսավեր եկեղեցին, 12-18-րդ դարերի գյուղատեղի մնացորդները, 12-րդ դարի խաչքարերը։
Արցախյան պատերազմում գյուղից զոհվել է 5 ազատամարտիկ։ Գյուղի բնակիչները մասնակցել են նաեւ 1941-1945 թվականների պատերազմին։
Գյուղի նախկին խորհտնտեսությունը, իսկ 1995 թվականին դրա լուծարումից հետո բնակիչները զբաղվել եւ զբաղվում են հացահատիկային, կերային, բանջարանոցային բույսերի մշակմամբ, անասնապահությամբ։
11-րդ դասարան
«Վերադարձ դեպի Դիզակ» հասարակական կազմակերպությունը, Ալիք Մեդիան եւ «Անալիտիկոն» հանդեսը դիմել են Արցախի Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ երեխաների՝ առաջարկելով շարադրել հայրենի բնակավայրերի մասին իրենց հուշերն ու վերապրումները։ Ալիք Մեդիան ամենօրյա պարբերականությամբ կհրապարակի հադրութցի երեխաների շարադրությունները։ Հեղինակները կպարգեւատրվեն մրցանակներով եւ խրախուսական նվերներով։