Այսօրվա սյունակիս համար այլ հոդված էի նախապատրաստել։ Բայց մայիսի 27-ի առավոտյան վեց հայ զինծառայողների գերեվարման փաստը ստիպեց նորը գրել։
Մանրամասների մեջ չեմ խորանա։ Բոլորին արդեն ամեն ինչ հայտնի է։
Ոչ մեկս չի կասկածում, որ ադրբեջանցիները մեր տարածքից են գերեվարել զինվորներին։ Սա կառավարության նիստում ասաց նաեւ Նիկոլ Փաշինյանը։ Բայց դրան հաջորդեց նրա անհեթեթ մեկնաբանությունը՝ զսպվածության, սադրանքի չտրվելու ու, ամենակարեւորը, այդ հարցը ներքաղաքական խնդիրների համար չշահարկելու մասին։
Այսինքն՝ մենք կպարտվենք, կորուստներ կունենանք, նոր գերիներ, բայց չենք արձագանքի, որ «սադրանքի չտրվենք», իսկ դուք հանկարծ չփորձեք մեզ մեղավոր համարել ու դա շահարկել՝ պահանջելով մեր հրաժարականը։
Մեղավոր են բոլորը՝ ընդդիմությունը, նախկին իշխանությունը, հիմա էլ նոր բան են մոգոնել. ՀԱՊԿ-ն է մեղավոր. «Նրա օպերատիվ արձագանքի հապաղումն է, միգուցե, որ հանգեցնում է նման զարգացումների եւ էսկալացիաների»,- Աժ ամբիոնից հայտարարում է իշխող խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
Ես արդեն չգիտեմ, թե էլ ինչ պիտի կատարվի, որ Փաշինյանը հասկանա՝ ինքը պետություն չի կարող ղեկավարել, ինքը առավելագույնը կարող է 10 հոգանոց խմբագրություն ղեկավարել։ Մի՞թե իշխանություն ունենալը՝ հանուն իշխանության, ավելի կարեւոր է, քան երկիրը։ Մի՞թե այս պայմաններում հրաժարական տալու փոխարեն ընտրություններով ներքաղաքական ծայրահեղ լարվածություն ստեղծելը, դրանով սեփական իշխանությունը եւս մի քիչ երկարաձգելը ավելի կարեւոր են։
Սպանեք՝ չեմ հասկանա։
Եվ վերլուծելով ոչ միայն այս վերջին շաբաթվա իրադարձությունները, այլեւ ընդհանրապես Փաշինյանի ու նրա կառավարության եռամյա գործունեությունը՝ հասկանում ես, որ նա սովորական «քանդարար հեղափոխական» է (ինչպիսին համաշխարհային պատմությունը շատ է տեսել) եւ կառուցելու բացարձակ անընդունակ է։
Էդպես եղել են համարյա բոլոր հեղափոխականները՝ Ռոբեսպիերից մինչեւ անցյալ դարասկզբի բոլշեւիկները՝ Լենինի գլխավորությամբ։ Նրանք բոլորը տապալել են իշխանությունը, բայց էդպես էլ ոչինչ չեն կարողացել ստեղծել, իրենց երկրներին էլ ներքաշել են անիմաստ երկպառակությունների եւ պատերազմների մեջ։
Խորհրդային տարիների պատի օրացույցներում այս կամ այն բոլշեւիկի (օրինակ՝ Կամոյի) ծննդյան օրվա թերթիկում նշված էր լինում՝ «պրոֆեսիոնալ հեղափոխական»։ Այսինքն` էս մարդիկ ուրիշ բան, բացի հեղափոխություն անելուց, չգիտեին։ Նրանք կարող էին քանդել միայն։ Հիշո՞ւմ եք, նրանց հիմնն էլ էսպիսի տողեր ուներ՝ «Այս հին աշխարհը կքանդենք մենք, մինչեւ հիմքերը…»։ Նույնը Փաշինյանն էր ասում՝ «կսկսի իր կետից», իր արածը «աննախադեպ է» եւ այլն։
Քանդելը քանդեց ու դեռ շարունակում է քանդել, բայց այդպես էլ չի սարքում, որովհետեւ սարքելու ընդունակ չէ։
Կարճ ստացվեց ու հուզական։ Ուրիշ կերպ չէր կարող լինել, երբ աչքիդ առաջ հայրենիքը մաս-մաս խլում են, զինվորներին գերեվարում են, իսկ քո երկրի ղեկավարի աթոռին կառչածը հանդուրժում է դա, որովհետեւ «չի տրվում սադրանքների» եւ սպասում է, որ ՀԱՊԿ-ն, ՄԱԿ-ը կամ չգիտեմ էլ ինչ կառույցներ պիտի գան մեզ օգնության։
Դե, իսկ իրեն քննադատողներն էլ «դավաճան» են, «ապակայունացնող», «ժեխ», «սեւ», «պատերի տակ վնգստացող», «հակահեղափոխական» եւ այլն։ Պիտակավորման հարցում, այո’, Փաշինյանն անգերազանցելի է։
Ավարտեմ Ռաֆայել Արամյանի «Մեռած քաղաքի պարիսպների տակ» գրքից մի հայտնի մեջբերումով.
«Քաղաքում շրջում էր մի խենթ եւ ամենուր ասում.
— Գայլը փարախում ձագեր է բերել, եւ դա մեր շների հեզությունից է»:
Մինչեւ ե՞րբ է այս իշխանությունը սահմանին «հեզություն» անելու։ Իսկ ներսում՝ իբր «գամփռություն»:
Հ. Գ. Այսօր մայիսի 28-ն է՝ Հանրապետության տոնը։ Այս պայմաններում անգամ պետք է շնորհավորեմ բոլորիս։ Մաղթանքս պարզ է՝ երկրի ընթացքի վերադարձ բնականոն հուն՝ առանց հեղափոխությունների ու ցնցումների, եւ արժանապատիվ խաղաղության հաստատում։
Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։