ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան մամուլի ասուլիսում պատասխանել է հայ-ադրբեջանական սահմանային ճգնաժամի վերաբերյալ լրագրողներից մեկի հարցին: Ներկայացնում ենք հարցուպատասխանն ամբողջությամբ:
Հարց: Այս տարվա մայիսի 12-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն սադրիչ գործողություն իրականացրեց եւ Սյունիքի մարզի Սեւ լճի հատվածում հատեց ՀՀ սահմանը: Անտեսելով միջազգային հանրության կոչերը՝ Ադրբեջանը ոչ միայն չի հեռանում Հայաստանի տարածքից, այլեւ նոր անօրինական քայլերի է դիմում: Մայիսի 25-ին հակառակորդի կողմից սկսված կրակոցից հետո բռնկված փոխհրաձգության հետեւանքով Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանակից հատվածում մահացու վիրավորում ստացավ պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Խուրշուդյանը: ԵԱՀԿ Մինսկի խմբի երկու համանախագահները՝ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, Ադրբեջանին հստակորեն պահանջում են հեռացնել իր ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից: Իսկ ո՞րն է Ռուսաստանի դիրքորոշումը իբրեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով հայ-ադրբեջանական սահմանի ճգնաժամը, հայտարարեց, որ կողմերի միջեւ պայմանավորվածություն կա, սակայն չասաց՝ ինչ պայմանավորվածության մասին է խոսքը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը բանավեճի ժամանակ ասաց, որ իրենք պատրաստ են ճանաչելու ՀՀ տարածքային ամբողջականությունը: Սակայն Հայաստանն էլ պիտի Ղարաբաղը ճանաչի որպես Ադրբեջանի մաս: Մինչ օրս բանակցություններն ընթացել են ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով, Արցախի կարգավիճակը բանակցությունների առարկաներից մեկն էր: Եվ այժմ Ալիեւը հայտարարում է, որ Հայաստանը Ղարաբաղը պիտի ճանաչի որպես Ադրբեջանի մաս: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը:
Մարիա Զախարովա — Ձեր հարցերը փոխկապակցված են, ուստի, ձեր թույլտվությամբ, դրանց ընդհանուր պատասխանեմ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի ներկայացուցիչները բացառապես զբաղվում են ԼՂ հակամարտության հիմնախնդրի կարգավորմամբ: Այդպես է ամրագրված նաեւ ԵԱՀԿ մանդատում: Մայիսի 13-ի հայտարարության մեջ համանախագահների «եռյակն» ընդգծեց ԼՂ հակամարտության համապարփակ եւ կայուն կարգավորման անհրաժեշտությունը: Այդ կապակցությամբ Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ էր արվել «առաջին իսկ հնարավորության դեպքում վերականգնել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը համանախագահների հովանու ներքո»: Նշվել են հարցեր, որոնց լուծումը լրացուցիչ ջանքեր է պահանջում: Դրանց թվում.
-Բոլոր ռազմագերիների եւ մյուս պահվող անձանց անհապաղ վերադարձ՝ միջազգային մարդասիրական իրավունքի դրույթներին համապատասխան,
-Հակամարտության բոլոր շրջաններում ականազերծման համար անհրաժեշտ բոլոր տվյալների փոխանակում,
-ԼՂ մուտք գործելու բոլոր սահմանափակումների վերացում, այդ թվում միջազգային մարդասիրական կազմակերպությունների համար,
-Կրոնական եւ մշակութային ժառանգության պաշտպանություն եւ պահպանում,
-Անմիջական շփումների խրախուսում եւ համագործակցություն հակամարտության գոտու համայնքների միջեւ,
-Մարդկանց միջեւ վստահության ամրապնդում:
Կցանկանայի ընդգծել, որ համանախագահների ձեւաչափը լայն միջազգային աջակցություն է վայելում: Հենց դրա միջոցով պետք է ընթանա ԼՂ հակամարտության քաղաքական կարգավորումը: Ինչպես հայտնի է, Երեւանի եւ Բաքվի միջեւ տարաձայնությունները դեռեւս էական են, հատկապես ԼՂ կարգավիճակի առումով: Անցյալ տարվա սեպտեմբեր-նոյեմբերի իրադարձություններից հետո երկու երկրները հայտնվել են լիարժեք երկխոսության եւ փոխադարձ վստահության վերականգնման ճանապարհի սկզբում:
ՌԴ-ն ակտիվ միջնորդական ջանքեր է գործադրում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների բարելավման, Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման եւ այն բարգավաճման գոտու վերածելու ուղղությամբ: Ռուսաստանյան խաղաղապահները երաշխավորում են խաղաղությունն ու անվտանգությունը ԼՂ-ում:
Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի փոխվարչապետների համանախագահությանն առընթեր եռակողմ աշխատանքային խումբը զբաղվում է տարածաշրջանի տրանսպորտային եւ տնտեսական հաղորդակցության ուղիների ապաշրջափակմամբ: Ռուսական կողմը սերտորեն ներգրավված է հայ-ադրբեջանական սահմանի միջադեպի կարգավորմանը եւ նպաստում է լարվածության թուլացմանը: Մենք մշտապես կապ ենք պահում Երեւանի եւ Բաքվի հետ բարձր մակարդակներում: Օպերատիվ կապ է ստեղծվել զինվորականության եւ սահմանապահ ծառայությունների, ինչպես նաեւ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ:
Սահմանի միջադեպը ուղղակի առնչություն չունի ԼՂ-ի խնդրի հետ: Հիմնական պատճառը դեռեւս խորհրդային ժամանակներից ժառանգված հայ-ադրբեջանական սահմանի միջազգային իրավական ձեւակերպումն է:
Ելնում ենք նրանից, որ նման իրավիճակները բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով պետք է լուծվեն: Հայ-ադրբեջանական սահմանի սահմանանշման եւ դրան հետեւող սահմանազատման մեջ ենք տեսնում երկարաժամկետ լուծումը: Ռուսաստանը լիովին պատրաստ է աջակցելու այդ հարցերում: