Բելգիայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է բանաձեւ, որով Ադրբեջանին կոչ է անում անհապաղ ազատել մնացած բոլոր հայ գերիներին, այդ թվում` քաղաքացիական անձանց, 2020-ի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հռչակագրի 8-րդ հոդվածի, ինչպես նաեւ Ժնեւի կոնվենցիայի համաձայն:
Խորհրդարանը խստորեն դատապարտել է նաեւ գերիների խոշտանգմանն առնչվող բազմաթիվ հաղորդագրությունները:
Ըստ Բելգիայի հայերի կոմիտեի՝ խորհրդարանը դաշնային կառավարությանը հորդորել է համապատասխան միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից բոլոր հայ գերիների անհապաղ եւ անվերապահ ազատ արձակմանն ու անվտանգ վերադարձին աջակցելու համար:
«Մարդու իրավունքների եվրոպական դատարանի տրամադրած տվյալների համաձայն, 188 ռազմագերիներ դեռեւս Ադրբեջանում են պահվում: Նոյեմբերի 9-ին կնքված զինադադարի համաձայնագիրը նախատեսում էր գերիների անհապաղ եւ լիարժեք փոխանակում: Սակայն Ադրբեջանը չի ազատել իր գերիներին, եւ մարտերի ավարտին հաջորդող օրերին ձերբակալել է նաեւ այլ հայ զինվորների եւ խաղաղ բնակիչների: Հայաստանն իր հերթին, մարտերն ավարտվելուն պես, ազատ է արձակել բոլոր ռազմագերիներին:
Ի հավելումն այս ամենին, մեզ հայտնի դարձավ նաեւ, որ ադրբեջանական ուժերը հինգշաբթի Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին ձերբակալել են 6 նոր հայ զինծառայողների: Այս ձերբակալությունը հաջորդում է սահմանի մի քանի կետերում վերջին շրջանում հայկական տարածք շարունակական ներխուժումներին։
Այս միջադեպերը Հայաստանի հանդեպ Ադրբեջանի վարած լարվածության ռազմավարության մի մասն են կազմում:
Բելգիայի հայկական կոմիտեն հորդորում է կառավարությանը հետեւել խորհրդարանի խնդրանքին եւ միջամտել բոլոր հայ բանտարկյալների անհապաղ ազատ արձակմանը»,- ասված է կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:
Բելգիայի հայերի կոմիտեն տեղի հայկական համայնքի գործադիր մարմինն է եւ խոսնակը: Դեռեւս 1922-ին հիմնադրված հայկական ինստիտուտները համախմբված են Բելգիայի՝ հայկական ծագմամբ բոլոր բնակիչների կողմից ընտրված համաժողովում: Բելգիայում ապրում է ավելի քան 30000 հայ։