Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քննում է Ադրբեջանի կողմից գերեվարված 6 հայ զինծառայողների հիմնարար իրավունքների ապահովման վերաբերյալ Հայաստանի դիմումը:
«Դատարան նման միջնորդություն է ներկայացվել, որն այժմ քննվում է: Առայժմ չենք կարող ավելի մանրամասն տեղեկություններ տրամադրել»,- ՏԱՍՍ-ի թղթակցին ասել է ՄԻԵԴ-ի ներկայացուցիչը:
Մայիսի 27-ի վաղ առավոտյան ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ինժեներական աշխատանքներ կատարելիս գերեվարված վեց հայ զինծառայողի հիմնարար իրավունքների ապահովման պահանջով ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը Եվրոպական դատարան է ներկայացրել Ադրբեջանի նկատմամբ անհապաղ միջանկյալ միջոց կիրառելու դիմում ՄԻԵԴ-ի կանոնների 39-րդ կանոնի ներքո։
Ներկայացված դիմումի նպատակն է երաշխավորել գերեվարված անձանց՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված կյանքի եւ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքների ապահովումը: