Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն եւ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը այսօր աշխատանքային հանդիպում են անցկացրել Մոսկվայում։
Քննարկվել են տարածաշրջանի անվտանգությանը, Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելությանը վերաբերող հարցեր, ինչպես նաեւ, ինչպես նշել է Շոյգուն, «այս պահին ծագած բոլոր սուր խնդիրները»։
«Մեր երկրների հարաբերությունները նախկինի պես շատ բարձր մակարդակի են, եւ մենք շարունակում ենք զարգացնել ու խորացնել մեր ռազմավարական դաշնակցությունը»,- հայտարարել է Սերգեյ Շոյգուն:
ՌԴ պաշտպանության նախարարը նշել է, որ հաջողությամբ իրականացվում են Ռուսաստանի ու Հայաստանի զինված ուժերի միացյալ խմբավորումներ ստեղծելու, ինչպես նաեւ Կովկասյան տարածաշրջանում Հավաքական անվտանգության համատեղ հակաօդային պաշտպանության համակարգեր ստեղծելու համաձայնագրերը։
«Երկկողմ բարձր մակարդակի համագործակցության վկայությունը Հայաստանում գործող 102-րդ ռուսական ռազմաբազան է, որը մենք դիտարկում ենք որպես տարածաշրջանի անվտանգության կարեւոր գործոն»,- ասել է Շոյգուն։
Վաղարշակ Հարությունյանն էլ վստահեցրել է, որ ռուս-հայկական ռազմական համագործակցությունը շատ հաջող է զարգանում։