Ուկրաինան այս կեսգիշերից՝ մայիսի 29-ից կփակի օդային տարածքը բելառուսական օդանավերի համար։ Բելառուսական ազգային փոխադրողը՝ «Բելավիա»-ն, այսպիսով կկարողանա թռիչքներ իրականացնել միայն Ռուսաստանի տարածքով, որոշ թռիչքներ էլ ընդհանրապես կչեղարկվեն։
Ավելի վաղ իրենց օդային տարածքը փակել էին նաեւ Բելառուսի մյուս հարեւանները՝ Լատվիան, Լիտվան եւ Լեհաստանը, ինչպես նաեւ եվրոպական մի շարք այլ պետություններ։
Հիշեցնենք, որ Արեւմուտքը դատապարտել էր Բելառուսի իշխանությունների կողմից անցյալ կիրակի Մինսկում Աթենք-Վիլնյուս չվերթի քաղաքացիական ինքնաթիռի հարկադիր վայրէջքի միջադեպն ու անկախ լրագրող Ռոման Պրոտասեւիչի ու նրա ընկերուհու ձերբակալությունը եւ սպառնացել պատժամիջոցներ կիրառել: