ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) եւ Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) մայիսի 28-ին հայտարարություն են տարածել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման եւ Հայաստանի տարածք Ադրբեջանի ներխուժման հետեւանքով ստեղծված սահմանային իրավիճակի վերաբերյալ:
«Համանախագահները Ժնեւում մայիսի 27-ին եւ 28-ին խորհրդակցություններ են անցկացրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պիտեր Մաուրերի եւ ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպինո Գրանդիի հետ: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը եւս մասնակցել է հանդիպումներին: Համանախագահներն ի գիտություն են ընդունել մայիսի 27-ին վեց հայ զինվորների գերեվարման տեղեկությունը եւ կոչ են արել ազատ արձակելու բոլոր ռազմագերիներին ու այլ ձերբակալվածներին՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով:
Համանախագահներն ընդգծում են գերիներին միջազգային հումանիտար իրավունքին համապատասխան վերաբերվելու պարտավորությունը: Նրանք կողմերին խստորեն հորդորում են անհապաղ վերացնել Լեռնային Ղարաբաղ հումանիտար հասանելիության բոլոր սահմանափակումները, ինչպես նաեւ կոչ անում կյանքի կոչելու նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությամբ ստանձնած բոլոր հանձնառությունները:
Համանախագահները մտահոգություն են հայտնում հայ-ադրբեջանական՝ դեմարկացիայի չենթարկված սահմանին գրանցված միջադեպերի առնչությամբ: Անընդունելի է սահմանային վեճերը լուծելու հարցում ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը: Կողմերին կոչ ենք անում ձեռնարկելու հրատապ քայլեր, այդ թվում եւ վերատեղակայել զինված ուժերը՝ իրադրության լարվածությունը թուլացնելու եւ բանակցություններ սկսելու համար՝ սահմանին խաղաղ ճանապարհով սահմանազատում եւ սահմանագծում իրականացնելու համար: Համանախագահները պատրաստ են աջակցել գործընթացի դյուրացմանը»,- ասված է համանախագահների հայտարարության մեջ:
Ընդգծելով ԵԱՀԿ-ից իրենց տրված մանդատի պայմանները և կայուն, խաղաղ ու բարեկեցիկ ապագայի՝ տարածաշրջանի բոլոր բնակիչների ձգտումները, համանախագահները կողմերին կրկին կոչ են արել հնարավորինս շուտ վերսկսելու բանակցությունները իրենց հովանու ներքո: