«Շնորհավո՛ր Հանրապետության տոնդ, Հայաստա՛ն»,- Հանրապետության օրվա առթիվ Հայաստանի ժողովրդին շնորհավորել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը:
Հայաստանում Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալահերը հայ ժողովրդին Հանրապետության օրվա առթիվ իր շնորհավորանքում նշել է. «Լավագույն մաղթանքներս հայ ժողովրդին Առաջին հանրապետության օրվա առթիվ։ Հուսով եմ՝ գալիք տարիները առողջություն, երջանկություն եւ խաղաղություն կբերեն բոլորին»: Գալահերը նաեւ այցելել է Սարդարապատի հուշահամալիր եւ ծաղիկներ դրել հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ:
Լիտվայի արտաքին գործերի նախարարությունը Հայաստանին Առաջին հանրապետության հիմնադրման տարեդարձի առթիվ իր շնորհավորանքում ընդգծել է. «Այս հիշարժան օրը մեր բարեկամներին մաղթում ենք անվտանգ, ժողովրդավարական և բարգավաճ ապագա»:
Իսպանիայում, Բելգիայում, Վրաստանում, Ռուսաստանում եւ Վիետնամում Հայաստանի դեսպանությունները եւս շնորհավորել են Հայաստանի Առաջին հանրապետության օրվա առթիվ:
Վրաստանում Հայաստանի դեսպանություն. «103 տարի առաջ` մայիսի 28-ին, Թիֆլիսի Վորոնցովյան պալատում (Երիտասարդության պալատ) ընդունվեց Հայաստանի Առաջին հանրապետության անկախության հռչակման որոշումը։ Շնորհավո՜ր, մայիսի 28»։
Իսպանիայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյան. «Սիրելի’ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Առաջին հանրապետության 103-րդ տարեդարձի առթիվ եւ մաղթում անկոտրում հավատ մեր անկախ պետության ապագայի նկատմամբ եւ ստեղծարար աշխատանք՝ ի փառս հայ ժողովրդի» (հատված):
Բելգիայում ՀՀ դեսպանություն. «Շնորհավորում ենք բոլորիս Մայիսյան հերոսամարտերի եւ Հանրապետության տոնի առթիվ»:
Վիետնամում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյան. «Ազատ եւ Անկախ… այդքան տարի անց: Կեցցե’ն Սարդարապատի, Ղարաքիլիսայի եւ Բաշ-Ապարանի հերոս արծիվները: Կեցցե’ Առաջին հանրապետությունը, կեցցե’ Հայոց վերականգնված պետականությունը, կեցցե’ անկախությունը, կեցցե’ Հայաստանի Հանրապետությունը»: