ԼՂ կարգավորման բանակցություններում առաջին կոպտագույն սխալը թույլ է տրվել, երբ ղարաբաղյան կողմը համաձայնել է ԼՂԻՄ իշխանության սահմանադրական մարմինը՝ մարզային խորհուրդը, եւ նրա գործկոմը լուծարելու, կառավարման Հատուկ կոմիտե ստեղծելու Մոսկվայի որոշմանը, որ տեղի է ունեցել 1989-ի տարեսկզբին:
Դա որոշակիորեն պայմանավորված էր ներղարաբաղյան մրցակցությամբ, բայց այդ մասին՝ այլ առիթով: Երբ 1989-ի նոյեմբերի 28-ին ԽՍՀՄ Գերագույն խորհուրդն Ադրբեջանի պահանջով լուծարեց ԼՂԻՄ Հատուկ կառավարման (ժողովրդական լեզվով՝ Վոլսկու) կոմիտեն եւ ստեղծեց Ադրբեջանի Կազմկոմիտե, այդ պահից թիվ մեկ խնդիր դարձավ Արցախի սուբյեկտության վերականգնումը, որին Ադրբեջանը դիմադրում էր բոլոր միջոցներով: Այս իրավիճակը տեւեց մինչեւ 1992-ի մարտի 24-ը, երբ ԵԱՀԽ (ԵԱՀԿ իրավանախորդի) որոշմամբ հակամարտության կողմեր ճանաչվեցին Հայաստանը եւ Ադրբեջանը, իսկ շահագրգիռ՝ ԼՂ ընտրված եւ այլ ներկայացուցիչները:
Ադրբեջանը համարում էր, որ «այլ ներկայացուցիչները» ԼՂ-ում բնակվող ադրբեջանցիներն են, բայց դա էական չէր: Կարեւորը, որ ԵԱՀԽ-ն փաստացի ճանաչել էր այդ պահի դրությամբ ԼՂ ընտրված ներկայացուցիչներին: ԵԱՀԽ Մինսկի համաժողովի հովանու ներքո 1992-ի ամռանը Հռոմում մեկնարկած բանակցություններում բանավեճի հիմնական թեման ԼՂ ներկայացուցիչների՝ որպես իրավահավասար կողմի մանդատի ճանաչումն էր:
Դա տեղի չունեցավ:
Պատերազմում ղարաբաղյան զինված ուժերի հաջողություններին զուգահեռ քաղաքական բաց եւ խորհրդապահական քննարկումներում ԼՂ ներկայացուցիչների մասնակցությունը դե ֆակտո ընդունելի դարձավ 1993-1994 թվականներին: Արդյունքում հրադադար ստորագրվեց եռակողմ՝ Ադրբեջան-ԼՂ-Հայաստան ձեւաչափով, որն անուղղակի, բայց բոլորի համար հասկանալի դիվանագիտական ձեւակերպմամբ ամրագրվեց ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովում:
Ահա այդ դե ֆակտո հիմքի վրա է, որ 1997-ին միջնորդներն իրենց գրավոր առաջարկությունները (փաթեթային եւ փուլային տարբերակները) նույն ընթացակարգով ներկայացրին Ադրբեջանին, Լեռնային Ղարաբաղին եւ Հայաստանին:
Այստեղ հատկապես կարեւոր է կարգավորման փուլային տարբերակը: Այն ենթադրում էր, որ 1994 թվականի հրադադարի համաձայնագրի հիման վրա կնքվում է եռակողմ՝ Ադրբեջան-ԼՂ-Հայաստան պայմանագիր հակամարտության զինված փուլի ավարտի մասին: Մինչ օրս շրջանառվում է այն կեղծ տեսակետը, թե դա ենթադրում էր, որ Լեռնային Ղարաբաղը մնում է Ադրբեջանի կազմում: Փաստն այն է, սակայն, որ պայմանագրում ԼՂ կարգավիճակի կամ դրա որոշման որեւէ ժամկետի եւ մեխանիզմի մասին ակնարկ իսկ չկա:
Նախագիծը ենթադրում էր ԼՂ-ի շուրջ վեց շրջանների վերադարձ Ադրբեջանին եւ ղարաբաղյան վերահսկողություն նախկին ԼՂԻՄ-ի եւ Լաչինի ամբողջ շրջանն ընդգրկող տարածքի վրա: Ընդ որում՝ պայմանագրով նախատեսվում էր, որ ղարաբաղյան զինված ուժերն են վերահսկելու շփման նոր գիծը, որն Ադրբեջանից պետք է բաժանվեր որոշակի խորությամբ բուֆերային գոտով: Սահմանվում էր, որ բուֆերային գոտին չի բնակեցվելու, իսկ Շուշի ադրբեջանցի խաղաղ բնակիչների վերադարձը կապվում էր Շահումյան հայ բնակչության վերադարձի հետ: Սրանք, ինչպես նաեւ հաղորդուղիների բացումը եւ խաղաղապահ առաքելությունը ռազմա-տեխնիկական բնույթի հարցեր են:
Ավելի կարեւորը նախագծի իրավա-քաղաքական կողմն է: Եթե այդ տարբերակը կյանքի կոչվեր, ապա հետկոնֆլիկտային բոլոր միջոցառումներին ԼՂ-ն ստանում էր իրավահավասար սկզբունքով մասնակցության իրավունք, պաշտպանության բանակն իր ողջ զինուժով պահպանվում էր: Լեռնային Ղարաբաղն ունենում էր ԵԱՀԿ-ի եւ համանախագահ երկրների հետ դե ֆակտո դիվանագիտական կոմունիկացիայի ազատություն: Պաշտոնական Ստեփանակերտն իր ներկայացուցիչն էր ունենալու հայ-ադրբեջանական բոլոր վիճելի հարցերի կարգավորման նպատակով ձեւավորվելիք միջկառավարական եւ միջգերատեսչական հանձնաժողովներում: Ավելին՝ կողմերը պարտավորվում էին, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցով հետագա բանակցությունները պետք է ընթանային եռակողմ՝ Ադրբեջան- ԼՂ- Հայաստան ձեւաչափով:
Եթե ամփոփ ասենք, ապա այդ տարբերակով ԼՂ դե ֆակտո սուբյեկտությունը ստանում էր ֆորմալ ձեւակերպում: Անշուշտ, դա Ադրբեջանի կողմից ԼՂ անկախության ճանաչում չէր: Ոչ ոք նման պատրանք չուներ: Բայց հակամարտության զինված փուլի ավարտի մասին եռակողմ պայմանագիրը ճանապարհ էր հարթում ԼՂ փաստացի անկախության ճանաչման համար: Ուղղակի ոչ միայն անտրամաբանական, այլեւ անհավանական էր, որ միջազգայնորեն, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից պատերազմած եւ հաշտություն կնքող ճանաչվող ԼՂ-ն կարգավորման երկրորդ փուլում կունենար ավելի ցածր կարգավիճակ, քան ստանում էր պայմանագիրը ստորագրելով եւ այն իր օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացնելով:
Սա է, որ մինչ օրս միտումնավոր չի ասվում կարգավորման այդ տարբերակը վիժեցնողների կողմից: Սա է, որ չգիտի հանրության մի զգալի մասը, մանավանդ երիտասարդ սերունդը, որին միշտ ներշնչել են, որ փուլային կարգավորումը «պարտվողական» էր: Ամենեւին, դա շատ հավասարակշռված եւ ոսկերչական ճշգրտությամբ հաշվարկված ծրագիր էր, որի իրացման դեպքում Ադրբեջանը զրկվելու էր պատերազմ սանձազերծելու հնարավորությունից, որովհետեւ կաշկանդված էր լինելու խաղաղապահ ուժերի ներկայությամբ։ Խաղաղությունը երաշխավորելու էին ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան, եւ Բաքուն փաստորեն կանգնելու էր փաստի առաջ:
Խոչընդոտներ, իհարկե, հարուցվելու էին, բայց հայկական դիվանագիտությունը նախ երկու փոխլրացնող «ձեռքերով» էր գործելու՝ Երեւան-Ստեփանակերտ, երկրորդ՝ նրան աջակից էր լինելու միջազգային իրավունքը: Վերջապես, Հայաստանն Ադրբեջանի հետ ունենալու էր հարաբերվելու բոլորովին այլ ռեսուրսներ՝ հաղթահարած լինելով շրջափակումը եւ տնտեսական մեկուսացումը, ինչը թույլ էր տալու ամրապնդել զինված ուժերը, անվտանգության լրացուցիչ գործիքակազմ ներգրավել:
Լեւոն Տեր-Պետրոսյանի կանխածրագրով ԼՂ-ն վերականգնում էր սուբյեկտությունը, հաշտությունը հնարավորություն էր տալիս, որ այդ կարգավիճակը միջազգայնորեն ճանաչվի, եւ ԼՂ ժողովրդի անվտանգությունը երաշխավորվի բազմակողմ պայմանավորվածություններով: Այդ գործընթացը տապալվեց: Հետեւանքները մեր աչքի առաջ են: Բայց հանրությունը պետք է ճշմարտությունն իմանա: Որպեսզի իր ընտրությամբ կանխի ավելի աղետավոր ընթացքի հավանականությունը:
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։