Ըստ «Ռոսիյսկայա գազետա» պարբերականի՝ Բուխարեստի օդանավակայանի տարածքում վաճառքի է հանվել Ռումինիայի նախկին առաջնորդ Նիկոլաե Չաուշեսկուի Rombac 1-11 ինքնաթիռը։ Մեկնարկային գինը 25 հազար եվրո է։
«Արմարկ» աճուրդի տան տվյալներով յուրահատուկ լոտը գնորդներին առաջարկվել է նախկին «Ռոմավիա» պետական ձեռնարկության ավիապարկի լուծարման հետեւանքով: Չաուշեսկուն 1986-1989 թվականներին Rombac 1-11 ինքնաթիռն օգտագործել է պաշտոնական թռիչքների համար:
Ռումինիայում բրիտանական ավիաշինական կորպորացիայի արտոնագրով նախատեսված 80-ի փոխարեն կառուցվել է ընդամենը 9 նման ինքնաթիռ, իսկ Rombac 1-11 նմուշը տեղական ավիացիոն արդյունաբերության մարգարիտն է համարվում: Rombac 1-11-ի շնորհիվ Ռումինիան ԽՍՀՄ-ից հետո դարձավ առաջին սոցիալիստական երկիրը, որտեղ ուղեւորատար ինքնաթիռ սկսեցին կառուցել:
Աճուրդի տունը, հաշվի առնելով այդ ինքնաթիռի բացառիկությունն ու նշանակությունը Ռումինիայի տեխնիկական պատմության համար, օդանավը դասել է ազգային շարժական մշակութային ժառանգության շարքը:
Կարգավիճակը ենթադրում է, որ նոր սեփականատերը պետք է պատշաճ հոգ տանի ինքնաթիռի մասին եւ իրավունք չունի այն դուրս բերելու Ռումինիայի սահմաններից։
«Արտմարկի» ներկայացուցիչ Ալինա Պանիկոն վստահ է, որ Rombac 1-11 ինքնաթիռները գրեթե փոքր թանգարաններ են, որոնք կարող են բազմաթիվ զբոսաշրջիկների գրավել։