1918 թվականի մայիսի 28-ը համարվում է Հայաստանի հիմնադրման, հանրապետության եւ անկախության օր։ Իրականում մայիսի 28-ը այն օրն է, երբ Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդը քվեարկությամբ որոշեց ընդունել թուրքերի վերջնագիրը եւ Բաթում ուղարկել նոր պատվիրակություն, որն էլ հունիսի 4-ին օսմանյան կայսերական կառավարության հետ կնքեց Հաշտության եւ բարեկամության պայմանագիր Հայաստանի Հանրապետության անունից:
Առաջին արտգործնախարար եւ երկրորդ վարչապետ Ալեքսանդր Խատիսյանը, որ Հովհաննես Քաջազնունու եւ Միքայել Պապաջանյանի հետ գլխավորում էր հայկական պատվիրակությունը Բաթումի բանակցություններում, իր «Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը» կոթողային հատորում գրում է, որ մայիսի 25-ին Բաթումում, տեղեկանալով, որ Թիֆլիսից եկել է Նոյ Ժորդանիան՝ Վրաստանի ապագա վարչապետը, գնում է նրա հետ հանդիպման․
«Ժորդանիան պատմեց Թիֆլիսում տիրող տրամադրությունների մասին, հաղորդեց, որ հայերը շարունակում են պատերազմել թուրքերի դեմ, որ թուրքերը սանձարձակ կերպով շարունակում են իրենց առաջխաղացումը, եւ հայտնեց, թե նման պայմաններում վրացիներին ուրիշ բան չի մնում, քան հայտարարել Վրաստանի անկախությունը:
— Ինչպե՞ս,- բացականչեցի ես,- չէ՞ որ մենք եւ դուք միասին պատերազմի մեջ ենք՝ ընդհանուր պատերազմի մեջ ընդհանուր թշնամու դեմ: Ինչպե՞ս եք կարող լքել մեզ, երբ մենք դեռ արյուն ենք թափում: Մի՞թե սա ազնիվ բան է:
— Ազնիվ բան է այն, ինչ որ օգտակար է ժողովրդին,- պատասխանեց Ժորդանիան:
— Այո՛,- ասացի ես,- իսկ մե՞նք:
— Մենք չենք կարող խեղդվել ձեզ հետ միասին,- պատասխանեց Ժորդանիան,- մեր ժողովուրդը ուզում է փրկել այն, ինչ որ կարող է: Դուք էլ պարտավոր եք համաձայնության լեզու գտնել թուրքերի հետ: Այլ ելք չունենք:
Սրանով վերջացավ մեր խոսակցությունը: Մեկ ժամ հետո Ժորդանիան վրաց պատվիրակների մի մասի հետ մեկնեց Թիֆլիս:
Մեզ, իրապես, այլ ելք չէր մնում, քան հայտարարել Հայաստանի անկախությունը: Բախտորոշ դեր կատարեց այն վերջնագիրը, որ մենք ստացանք թուրքերից նույն գիշերն իսկ:
Վերջնագիրը երեք օր ժամանակ էր տալիս ընդունելու այն դաժան պայմանները, որ թուրքական պատվիրակությունը ներկայացրել էր Բաթումի խորհրդաժողովի առաջին իսկ նիստում՝ փակ ծրարով»:
Թուրքական վերջնագիրը կազմված էր երկու հիմնական կետից` Հայաստանը հռչակել անկախ եւ բանակցությունների նպատակով նոր պատվիրակություն ուղարկել Բաթում:
Հայկական քաղաքական ուժերը լսել անգամ չէին ուզում անկախության մասին, քանի որ նախ՝ դա պարտադրում էին թուրքերը, եւ երկրորդ՝ վախ կար, որ հայկական ջարդերը կշարունակվեն, այս անգամ՝ Ռուսական Հայաստանում:
Մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդն ու օրվա հիմնական քաղաքական ուժը՝ ՀՅԴ-ն, քվեարկությամբ դեմ էին արտահայտվել Հայաստանն անկախ հռչակելու թուրքերի վերջնագրին: ՀՅԴ-ում անկախությանը դեմ էր 8 հոգի, կողմ՝ 2-ը:
Նույն օրը, երբ ՀՅԴ-ականներ Ալեքսանդր Խատիսյանն ու Հովհաննես Քաջազնունին, որ մեկ ժամ առաջ էին վերադարձել Բաթումից, հորդորեցին կուսակիցներին, որ Հայաստանի անկախության հռչակումն ու թուրքերի հետ բանակցելու վերջնագիրն ընդունելն այլընտրանք չունեն, կուսակցությունը նոր քվեարկություն կազմակերպեց, որտեղ 9 կողմ եւ 1 դեմ քվեով ընդունվեց թուրքերի վերջնագիրը:
Թուրքական պայմանները ՀՅԴ-ի կողմից ընդունելը դեռ լուծում չէր։ Պետք է իր համաձայնությունը տար Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդը՝ հայ քաղաքական-հասարակական կյանքի գերագույն մարմինը, որտեղ Դաշնակցությունը մեծամասնություն էր, բայց ոչ բացարձակ մեծամասնություն։
Հայոց ազգային խորհուրդը 8 կողմ եւ 6 դեմ քվեով ընդունեց թուրքական վերջնագիրը:
Բազմակուսակցական մարմնում ձայները բաժանվեցին այսպես. ՀՅԴ՝ 6 կողմ, Հայ ժողովրդական կուսակցություն՝ 2 կողմ, Սոցիալ-դեմոկրատներ՝ 2 դեմ, Սոցիալիստ-հեղափոխականներ՝ 2 դեմ, անկուսակցականներ՝ 2 դեմ:
Ահա այսպես ընդունվեց թուրքական վերջնագիրը, եւ նույն օրն իսկ Խատիսյանը, Քաջազնունին եւ ժողովրդական Պապաջանյանը կրկին ուղեւորվեցին Բաթում՝ թուրքերի հետ շարունակելու ընդհատված բանակցությունները:
Հայաստանի անկախության տեքստը՝ առանց «անկախություն» եւ «հանրապետություն» բառերի, ընդունվեց 1918-ի մայիսի 30-ին․ «Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով եւ Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր դրության հանդեպ Հայոց ազգային խորհուրդը իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն եւ միակ իշխանություն: Որոշ ծանրակշիռ պատճառներով թողնելով մոտիկ օրերը կազմել հայոց ազգային կառավարություն՝ Ազգային խորհուրդը ժամանակավորապես ստանձնում է կառավարական բոլոր ֆունկցիաները՝ հայկական գավառների քաղաքական եւ վարչական ղեկը վարելու համար»։
Սիմոն Վրացյանը իր «Խարխափումներ» հատորում գրում է․ «Հայոց ազգային խորհուրդը Հայաստանի անկախությունը չէ, որ հայտարարել է: Հակառակը, անկախության հարցը նյութ եղավ երկար եւ հուզումնալից վիճաբանության, բայց Ազգային խորհուրդը սիրտ չարեց հարեւանների օրինակին հետեւելու. ոչ ոքի բերանին չէր գալիս «անկախություն» բառը: Ձայների մեծամասնությամբ մերժելով անկախության հայտարարության առաջարկը, որ գալիս էր Դաշնակցության հատվածից՝ Ազգային խորհուրդը մայիսի 30-ին իրեն հայտարարեց «հայկական գավառների գերագույն իշխանություն»։
Մեկ այլ առիթով Վրացյանը գրում է. «Հայաստանի անկախության հայտարարության օրը իսկապես պետք է համարվեր մայիսի 30-ը: Հակառակ դրան՝ համարվում է մայիսի 28-ը, այսինքն՝ այն օրը, երբ Ազգային խորհուրդը վճռեց հաշտության պատվիրակություն ուղարկել Բաթում: Անուղղակի կերպով այս օրն էլ կարող է համարվել անկախության սկզբնավորություն, որովհետեւ հաշտության բանակցություններ վարելու համար նախապայման էր անկախության հայտարարությունը: Ընդունելով թուրքերի այդ պայմանը՝ Ազգային խորհուրդը դրանով իսկ հաստատած էր լինում անկախության փաստը»:
Զորավար Անդրանիկը դատապարտեց Հայաստանի անկախությունը եւ Բաթումում ստորագրված պայմանագիրը, որով ստեղծվեց 10-12 հազար քառակուսի կիլոմետր տարածքով հանրապետություն: Զորավարը հայտարարեց, որ «դա թուրքի ձեռքով ստեղծված երկիր է»:
Պատմության դառը հեգնանքով, ինչպես գրում է Վրացյանը, առաջին պետությունը, որ ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը, Օսմանյան կայսրությունն էր։ Վրացյանի վկայությամբ` Հայոց ազգային խորհուրդը Թիֆլիսում հարկադրված եղավ Հայաստանը հայտարարել անկախ, «որովհետեւ այն պահին անկախությունը բոլորի կողմից համարվում էր ահավոր մի հեռանկար, հայ ժողովուրդը թուրքերի լծի տակ գցելու վտանգ»: «1918 թվականի մայիսին թուրքերն ի վիճակի էին գրավելու եւ՛ Երեւանը, եւ՛ ամբողջ Հայաստանը, բայց չգրավեցին: Հակառակը, հունիսի 4-ին Բաթումում Հայաստանի նորակազմ կառավարության ներկայացուցիչների հետ նրանք ստորագրեցին հաշտության դաշնագիր եւ դրանով փաստորեն ճանաչեցին Հայաստանի անկախությունը: Այսպիսով՝ պատմության դառը հեգնանքով Հայաստանի անկախության միջազգային առաջին ճանաչումը կատարեցին թուրքերը»,- գրում է ՀՀ վերջին վարչապետը:
Հովհաննես Քաջազնունին՝ ՀՀ առաջին վարչապետն ու ժամանակի ամենասթափ քաղաքական միտքը, 1922 թվականին Պոլսի ՀՅԴ «Ճակատամարտ» թերթում գրեց․ «Մայիսի 28-ը մեր պատմության ամենամեծ տոնն է: Հեռու չէ այն օրը, երբ Մայիսի 28-ը տոնվելու է իբրեւ համազգային անհերքելի ամենամեծ տոն, եւ ամեն հայ երկյուղածորեն խոնարհվելու է այդ Տոնի առջեւ»:
Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։