Ըստ ParsToday-ի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Աղդամում հայտարարել է, որ Ադրբեջանը շարունակելու է իր պետական սահմանի ամրապնդումը։
«Մենք շարունակելու ենք ամրապնդել մեր սահմանները: Ոչ ոք չի կարող մեզ վրա ճնշում գործադրել, ոչ ոք չի կարող ազդել մեզ վրա: Հիմա որոշ հայամետ երկրներ եւ շրջանակներ ինչ-որ հայտարարություններ են անում: Թող անեն, դա իրենց գործն է: Եվրախորհրդարանը հերթական անգամ ընդունեց կեղծ փաստերի վրա հիմնված բանաձեւ: Ես ուշադրություն չեմ դարձնում դրան եւ ձեզ էլ խորհուրդ չեմ տալիս: Այս ամենը մանրուք է: Կարեւոր է, որ մենք այսօր այստեղ ենք, մենք կանգնած ենք այստեղ եւ հավերժ ապրելու ենք այստեղ»,- ասել է Ալիեւը։
Նա ընդգծել է, որ քառասունչորսօրյա պատերազմը եւ հետպատերազմյան ժամանակաշրջանը կրկին ցույց տվեցին, թե ով ով է եւ ինչի է ընդունակ:
«Մենք մեզ համար շատ հարցեր ենք պարզաբանել, հատկապես միջազգային մակարդակով, եւ դա կօգնի մեզ ապագայում ճիշտ որոշումներ կայացնելու»,- հավելել է Ադրբեջանի նախագահը:
«Ցավոք, հայկական կողմը չի հրաժարվում իր սադրիչ գործողություններից: Եթե մեր ժողովրդի եւ պետության անվտանգությանը սպառնացող փոքրագույն սպառնալիք տեսնենք, մենք անմիջապես կոչնչացնենք թշնամուն: Նրանք գիտեն եւ տեսնում են մեր ուժը: Դրա համար էլ վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին հայկական բանակի կողմից իրականացված սադրանքը, իհարկե, չպետք է անպատասխան մնա»,- սպառնացել է Ալիեւը։