ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը Արմավիրի մարզում գորշ արջի քոթոթի դաժան սպանության դեպքի առթիվ դիմել է ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմին, ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն՝ դեպքը մանրամասն ուսումնասիրելու, հանգամանքները պարզելու եւ համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար։
«Անընդունելի է Հայաստանի «Կարմիր գրքում» գրանցված որեւէ կենդանատեսակի հանդեպ ոտնձգությունը, քանի որ Հայաստանի բնաշխարհը բնակեցնող յուրաքանչյուր կենդանի մեր երկրի էկոհամակարգի անքակտելի մասն է, կենսաբազմազանության պահպանության կարեւորագույն օղակը։ Առավել քան առաջնային է կարմիրգրքյան տեսակների պահպանությունն ու պաշտպանությունը, քանի որ դա բխում է ՀՀ բոլոր քաղաքացիների շահերից։
Խիստ դատապարտում ենք նման վերաբերմունքը կենդանիների նկատմամբ»,- ասված է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հաղորդագրության տեքստում:
Ավելի վաղ լրատվամիջոցներն ահազանգել էին Արմավիրի մարզում գորշ արջի քոթոթի դաժան սպանության վերաբերյալ։ Համացանցում հայտնվել էր լուսանկար, որտեղ երկու քաղաքացի լուսանկարվել են արջի արնաքամ քոթոթի հետ։ Ըստ ամենայնի՝ հենց նրանք են սպանել այդ քոթոթին:
Հայաստանի Հանրապետության կենդանիների «Կարմիր գրքում» գրանցված գորշ արջ սպանելու համար ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված է պատասխանատվություն․ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 400-600-ապատիկի չափով կամ կալանք 2-3 ամիս ժամկետով՝ 1-5 միլիոն դրամ վնասի վերականգնմամբ։
Շրջակա միջավայրի նախարարությունը ՀՀ բոլոր քաղաքացիներին հորդորում է նման դեպքերում անհապաղ ահազանգել ՀՀ ոստիկանություն, ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմին (թեժ գիծ՝119) կամ դիմել նախարարությանը։