Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ,
Ախր ես ինչպե՞ս ապրեմ առանց ինձ:
Հ. Սահյան
«Իմ գյուղը». այս բառակապակցության մեջ այնքան զգացմունք, ուրախություն, հիշողություն, թախիծ, ցավ ու կարոտ կա: Կարոտ, որը տարբերվում է անցյալում զգացածս բոլոր կարոտներից: Կարոտ, որը կմնա իմ մեջ մինչեւ կյանքիս վերջ կամ միգուցե մինչեւ այն պահը, երբ կրկին հնարավորություն կունենամ քայլելու իմ հայրենի հողի կածաններով, դաշտերով ու ճանապարհներով: Իմ գյուղը իմ մանկությունն է, պատանեկությունը, իմ ինքնությունը, որը մնաց անավարտ՝ թշնամու ձեռքին ու ինձնից հեռու: Իմ գյուղն ու իմ ծննդավայրն անբաժան մասնիկներ են, երկուսը կողք կողքի ու մեկը մյուսին միայն լրացնող: Գյուղիս ամեն մի անկյունը, նրա հետ կապված ամեն մի հիշողություն ցավոտ է, բայց եւ երանելի: Երբ հիշում եմ իմ գյուղը, միանգամից ժենգյլալով հացի բույրն է տարածվում շուրջբոլորս, իմ հարազատների, իմ մեծ գերդաստանի քաղցրահունչ ու ծիծաղաշատ ձայները, որը, տան բակից սկիզբ առնելով, տարածվում է դեպի շրջապատող լեռները, դաշտերը ու անտառները: Հիշում եմ թռչունների առավոտվա դյութիչ ծլվլոցը, մանուկներին, որ անտառի խորքում գարնան բացվելուն պես աստղաշուշան են հավաքում, ու ով ամենամեծը գտներ, այդ օրվա հաջողությունը իրենը կլիներ:
Հիշում եմ տատիկիս. երբ մտնում էի իր այգին ու «տատի, տատի» կանչելով՝ վազելով ընկնում գիրկը, ուրախությունից հուզվում էր, ու մեկ րոպե չանցած մեկ էլ գոգնոցի մեջ հայտնվում էին ինձ համար պահված այգու ամենասիրուն ու ամենահամեղ պտուղները: Հիշում եմ ամենասիրուն ծաղկապատ դաշտերը ու կանաչապատ լեռները:
Այնտեղ էր նաեւ մեր մեծ թոնիրը, որի ծուպը վառում էինք ասես աշխարհի ամենամեծ ծեսը կատարելու համար: Ծես, որի հոտը տարածվում էր շուրջբոլորը եւ ավարտվում՝ ամեն մի հարեւանին մի-մի թարմ հաց տալով: Այդ երեւույթը իր մեջ ուներ մի մեծ խորհուրդ՝ հիշեցում բոլորիս, որ մենք միասնական ենք ու իրար պատառ կիսող: Իմ գյուղը իմ կյանքի ամենավառ գույներն են, ամենաերջանկաբեր ապրումները:
Թե հնարավոր լիներ վերադառնալ, ավելի կգնահատեի ունեցածս, շատ երկար կքայլեի գյուղիս բոլոր սարերով, ձորերով եւ անտառներով: Ես հավատս չեմ կորցնելու եւ սպասելու եմ այն օրվան, որ Հադրութն ու իր գյուղերը կրկին կվերաբնակեցվեն, եւ հայկական այդ ադամանդյա կտորը կվերածնվի իր ավանդույթներով ու յուրահատկությամբ:
«Վերադարձ դեպի Դիզակ» հասարակական կազմակերպությունը, Ալիք Մեդիան եւ «Անալիտիկոն» հանդեսը դիմել են Արցախի Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ երեխաների՝ առաջարկելով շարադրել հայրենի բնակավայրերի մասին իրենց հուշերն ու վերապրումները։ Ալիք Մեդիան ամենօրյա պարբերականությամբ կհրապարակի հադրութցի երեխաների շարադրությունները։ Հեղինակները կպարգեւատրվեն մրցանակներով եւ խրախուսական նվերներով։